Մինչև վերջին ժամանակներս, կանանց սեռական գրգռանքի խանգարումները՝ իբրև ինքնուրույն խնդիր, մատնվել են բժիշկների և հետազոտողների լրիվ կամ մասնակի անուշադրության: Մինչդեռ համանման խնդիրը տղամարդկանց մոտ՝ էրեկտիլ դիսֆունկցիան, տասնամյակներ շարունակ եղել է հետազոտության և միջամտության առաջնային առարկա, և մինչ օրս էլ շարունակում է զբաղեցնել կենտրոնական բեմահարթակ: Սիլդենաֆիլի կիրառման համատարած հաջողությունն էր, որ առաջ բերեց կանանց սեռական գրգռանքի խանգարման ուսումնասիրման աճող հետաքրքրասիրություն այն հույսով, որ նմանատիպ դեղորայք էլ կգտնվի կանանց սեռականության վրա ազդող:
Թեև կանանց սեռական գրգռանքի խանգարման իրական տարածվածությունը հայտնի չէ, ընդունված է համարել, որ բոլոր տարիքային խմբերում զգալի թվով կանայք ունեն այս խնդիրը: 1994-ին ԱՄՆ-ում կատարված վիճակագրական տվյալների համաձայն 18-59 տարեկան կանանց 19%-ը ունի լյուբրիկացիայիի խանգարում: Ինչպես նշված է New England Journal of Medicine-ում, 1978-ին Frank, Anderson, and Rubinstein կողմից հետազոտվել են 100 «նորմալ» զույգեր և պարզվել է, որ 48%-ը նրանցից նշում են գրգռման բացակայություն, 33%-ը՝ գրգռանքը պահելու դժվարություն ու չնայած դրան նրանցից 86%-ը գոհ են իրենց սեռական կյանքից: Թվերի այս անհամապատասխանությունը խոսում է այն մասին, որ սեռական հարաբերության մեջ ընդգրկվելու համար կնոջը բավական է թեթև գրգռվել, ի տարբերություն տղամարդկանց մոտ էրեկցիայի ամբողջականության պարտադիր պահանջի: Այդ պատճառով այս հետազոտության ընթացքում ուսումնասիրված տղամարդկանց միայն 15% են գտնում, որ իրենց կանայք ունեն գրգռման խանգարում:
Հետդաշտանադադարային շրջանում հեշտոցի խոնավացման խանգարումները ավելի բարձր են, մի հետազոտության մեջ այդ ցուցանիշը հասնում էր 44%-ի:
[show_more more=»Կարդալ ավելին» less=»Փակել» align=»right»]
ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Կանանց սեռական գրգռման խանգարումը վերաբերում է սեռական պատասխանի գրգռման փուլին: DSM-IV-ում սեռական գրգռման խանգարման ցուցանիշներն են՝
Ա) Ի պատասխան գրգռման՝ բավարար խոնավացման-ուռչեցման առաջացման կամ մինչև սեռական ակտիվության ավարտը այն պահելու մշտական կամ պարբերաբար կրկնվող անկարողություն:
Բ) Խանգարումը առաջ է բերում նշանակալի անհանգստություն կամ միջանձնային դժվարություններ:
Գ) Սեռական խանգարումը հետևանք չէ այլ հիմնական հիվանդության կամ որևէ նյութի անմիջական ֆիզիոլոգիական ազդեցության:
Այս ցուցանիշները ըստ էության համապատասխանում են Հիվանդությունների Միջազգային Դասակարգման 10-րդ վերանայման բնորոշմանը, ըստ որի այս կլինիկական միավորը կոչվում է կանանց գենիտալ ռեակցիայի բացակայություն և բնութագրվում է իբրև հեշտոցի չորություն կամ խոնավացման բացակայություն:
Ախտորոշիչ այս ցուցանիշներին համապատասխանող կանայք ունեն սեռական ցանկություն և հաճույք են ստանում սիրախաղից: Հաճախ նույնիսկ նրանք ի վիճակի են հեշտանք վերապրել, հատկապես եթե ուժգնորեն գրգռել նրանց վիբրատորի օգնությամբ: Այնուհանդերձ, նրանց հեշտոցը չոր է մնում գրգռման այնպիսի պայմաններում, որը բազմաթիվ այլ կանանց մոտ սովորաբար առաջացնում է հեշտոցի խոնավացում: Առնանդամի ներհրումը չոր և լարված հեշտոց ցավոտ է և տհաճ զգացողությունների տեղիք է տալիս: Սա կարող է երկրորդային խանգարումներ առաջացնել, ինչպիսիք են դիսպարեունիան և վագինիզմը, սեռական ցանկության կորուստը: Այս խանգարումով կանանց զուգընկերները հաճախ իրենց մերժված են զգում և տրտմում՝ համարելով իրենց վատ սիրեկաններ:
ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Ինչպես և տղամարդկանց մոտ, կանանց գրգռանքի փուլը՝ խոնավացում-ուռչեցում հակազդումը, անմիջականորեն միջնորդավորված է վեգետատիվ նյարդային համակարգով և հատկապես նրա պարասիմպաթիկ մասով: Վերջին հաշվով, այս մեխանիզմը գտնվում է կեղևի հսկողության տակ և տեսականորեն ճիշտ է ենթադրել, որ կնոջ գրգռումը, համանման տղամարդկանց, պետք է զգայուն լինի հուզական ազդակներին: Սակայն իրականում պարզվում է, որ կանանց սեռական գրռգման խանգարման հոգեբանական ձևը տարածված չէ: Հայտնի փաստ է, որ ավելի մեծ հավանականություն կա, որ սեռական կոնֆլիկտ ունեցող կինը կորցնի իր սեռական ցանկությունը կամ ունենա հեշտանքի խանգարումներ, քան թե արգելակվի նրա սեռական գրգռման ընթացքը: Այն կանայք, որոնք ունեն նորմալ սեռական ցանկություն և կարող են հեշտությամբ հասնել հեշտանքի, բայց ի վիճակի չեն սեռական գրգռման, հիմնականում դաշտանադադարով կանայք են:
Կանանց սեռական ցիկլի արյունալցման փուլը շատ ավելի կայուն է զանազան հիվանդություններին և դեղորայքի ազդեցությանը, քան տղամարդկանց էրեկցիան, քանի որ այն ներառում է համեմատաբար պարզ անատոմիական կառույցներ և չի պահանջում հեմոդինամիկ բարձր ճնշման ապահովում սեռական օրգաններում: Կոնքի արյունամատակարարման ավելացումը, որը գրգռման փուլի մեխանիզմն է երկու սեռերի մոտ, կանանց հեշտոցում պարզապես առաջացնում է հեղուկի տրանսուդացիա լորձաթաղանթի անոթներից:
Միակ գործոնը, որ կարող է խոցելի դարձնել կանանց գրգռումը ֆիզիկական ազդակներին, հեշտոցի էստրոգենային բավարար հագեցվածությունն է, որն անհրաժեշտ պայման է հեշտոցի արյունալեցման ակտիվացման և խոնավացման: Էստրոգենային անբավարարության ժամանակ հեշտոցի լորձաթաղանթը և ներքո տեղակայված անոթային ցանցը ենթարկվում են ատրոֆիայի: Էստրոգենային անբավարարության հիմնական պատճառը դաշտանադադարն է, տարիքային բնականոն ընթացքով կամ ձվարանների վիրահատական հեռացման պատճառով: Թեև «ծերացած» ձվարանը և մակերիկամները դաշտանադադարից հետո շարունակում են արտադրել փոքր քանակությամբ էստրոգեններ, մեծամասն դեպքերում դա ի վիճակի չէ ապահովելու հեշտոցի բավարար խոնավացում: Այդ պատճառով, հետդաշտանադադարային կանայք, հատկապես եթե նրանք չեն ապրում կանոնավոր սեռական կյանքով, հակված են հեշտոցի չորության:
Էստրոգենային անբավարարությունը հեշտ է ախտորոշելը: Էսրտրոգենների բավարար մակարդակի խոսուն վկան է նորմալ դաշտանը: Բոլոր այցելուներին, որոնք ներկայացնում են հեշտոցի չորության գանգատներ, պետք է հարցնել դաշտանի կանոնավորության և բնույթի մասին: Բոլոր վերոնշյալ այցելուներին լրացուցիչ պետք է ենթարկել հեշտոցային քննության, որի ժամանակ հայտնաբերվում է չոր և գունատ հեշտոցային լորձաթաղանթ: Էստրոգենների ազդեցությունը վագինալ բջիջների վրա խիստ ցայտուն է և հատուկ եղանակով ներկված հեշտոցային քերուկի մանրադիտակային քննությունը արագ կերպով, թեև ոչ բարձ հավաստիությամբ, հաստատում է էստրոգենային անբավարարության փաստը: Ավելի հավաստի է ժամանակակից լաբորատոր պայմաններում էստրադիոլի մակարդակի որոշումը արյան պալազմայում:
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Հետազոտության ընթացքում պետք է ուշադիր լինել բոլոր այն հիվանդությունները բաց չթողնելու համար, որոնք կարող են նպաստել սեռական գրգռման խանգարմանը: Ստորև կքննարկվեն այն հիվանդագին վիճակները, որոնք կարող են ձգձգել գրգռման առաջացումը կամ ընդհանրապես կասեցնել այն: Պետք է սակայն նշել, որ այս վիճակները ինքնին լուրջ խնդիր են այցելուի համար և սեռական գրգռման խանգարումը այս դեպքերում առաջնային չէ:
Նյարդային համակարգի օրգանական խանգարումներ
Այն խանգարումներն են, որոնց ժամանակ վնասվում են ուղեղային սեռական կենտրոնները, դրանք են գլխուղեղի վնասվածքը և ցերեբրովասկուլյար խանգարումները: Այս դեպքերում գրգռման դժվարեցումը հետևանք է սեռական ուղեղային կենտրոնների, լիմբիկ համակարգի և ճակատային բլթի վնասման: Հիպոթալամուսի վնասումները և chraniopharingoma-ն բերում են նույնին՝ ճնշելով համապատասխան ուղեղային հատվածները, մինչդեռ հիպոֆիզի քրոմոֆոբ ադենոման գործում է ոչ միայն վերոնշյալ մեխանիկական մեխանիզմով, այլ նաև պրոլակտինի բարձր քանակության միջոցով: Փսիխոմոտոր էպիլեպսիան ձախողում է գրգռումը՝ խախտելով լիմբիկ համակարգի գործունեությունը:
Խանգարումներից ամենահաճախ հանդիպողը, որը վնասում է ստորև տեղակայված սեռական նյարդային կենտրոնները բազմակի սկլերոզն է (multiple sclerosis): Սրա ժամանակ հատվածաբար վնասվում է ողնուղեղը և դրա հետ միասին ողնուղեղում գտնվող, սեռական ռեֆլեքսների համար պատասխանատու կենտրոնները: Փաստորեն, սեռական դժվարությունները երբեմն բազմակի սկլերոզի առաջին դրսևորումներից են այնպիսի գանգատների տեսքով, ինչպիսիք են հեշտոցի խոնավացման անկարողությունը, ծլիկի իջած կամ բացակայող զգայունակությունը, դիսպարեունիան, որոնք բոլորն էլ բերում են գրգռանքի իջեցման: Այս ամենի հիմքում ընկած են ողնուղեղի դեմիելինիզացված հատվածները:
Կան այլ հիվանդություններ, որոնք ախտահարում են ողնուղեղը և կարող են առաջացնել գրգռանքի խանգարում, դրանք են tabes dorsalis, amyotrophic lateral sclerosis, syringomyelia, myelitis, ծայրահեղ թերսնուցումը և վիտամինային անբավարարությունը:
Ալկոհոլային նեյրոպաթիան և գոտկային դիսկի ճողվածքը բերում են գրգռման խանգարման՝ վնասելով սոմատիկ և վեգետատիվ նյարդաթելերը, որոնք կապակցում են սեռական ողնուղեային կենտորնները, այնպես ինչպես պատահում է Shay-Drager syndrome (առաջնային վեգետատիվ դեգեներացիա) ժամանակ:
Պարապլեգիան, որ հետևանք է ողնուղեղի տրավմատիկ վնասումների, կանխում է սեռական գրգռման առաջացումը, որովհետև արգելակված են նյարդային գրգիռների փոխանցման գործընթացները:
Անոթային խնդիրները բերում են գրգռման խափանման՝ կոնքի անոթային ցանցի թրոմբոտիկ վնասման և խցանումների հետևանքով: Սեռական ցիկլի գրգռանքի փուլը տուժված է կորոնար հիվանդության և արտահայտված հիպերտենզիայի դեպքում: Այս դեպքում, հավանաբար, դրա պատճառը առաջնահերթ հոգեբանական է՝ պայմանավորված դեպրեսիայով կամ հանկարծակի մահվան տագնապով: Հակահիպերտենզիվ դեղորայքները և հատկապես ալֆա-ադրենոբլոկատորները նույնպես կարող են նպաստել գրգռման արգելակումների:
Էնդոկրին և մետաբոլիկ խանգարումները ավելի շուտ ազդում են սեռական ցանկության և հեշտանքի փուլերի վրա, գրգռման խանգարումը երկրորդական է: Շաքարային դիաբետը կարող է առաջացնել գրգռման խանգարում ծլիկի զգայական նյարդերի նեյրոպաթիայի հետևանքով: Տեստոստերոնային անբավարարությունը բերում է լյուբրիկացիայի խանգարման և խափանում ուղեղային կենտրոնների գործունեությունը, քանի որ վերջիններս աշխատանքային նորմալ ընթացքը պահանջում է բավարար տեստոստերոնային հագեցվածություն: Վահանագեղձի հորմոնների անբավարարությունը նույնպես առաջացնում է գրգռանքի խանգարում դեռևս չբացահայտված մեխանիզմներով: Այլ էնդոկրին հիվանդություններ, ինչպիսիք են Ադիսոնյան հիվանդությունը, Կուշինգի համախտանիշը, ակրոմեգալիան և հիպոպիտուիտարիզմը, կարող են առաջացնել գրգռանքի խանգարումներ, քանի որ առաջացնում են հորմոնալ դիսբալանս, որն ազդում է ուղեղի սեռական նյարդահոսքերի նորմալ ընթացքի և սեռական օրգանների գործունեության վրա:
Հիվանդությունների շարքում, որոնք բերում են գրգռանքի խանգարումների, կանգնած են լյարդի հիվանդությւոնները, քանի որ խանգարվում է էստրոգենային փոխանակությունը և երիկամի հիվանդությունները:
Փոքր թվով կանանց մոտ, որոնք ունեն նորմալ դաշտանային ֆունկցիա հեշտոցային չորությունը պայմանավորված է հոգեբանական արգելակումով: Որոշ դեպքերում պատճառը վախն է սեռական հարաբերությունից կամ անբավարար նախերգանքային սիրախաղը: Սակայն կլինիկական փորձը ցույց է տալիս, որ այս պատճառների դերը գրգռանքի խանգարումներում նշանակալից չէ և դեռևս սրանց անմիջական հոգեբանական նախատրամադրող պատճառները լրիվ ուսումնասիրված չեն:
Անհրաժեշտ է նմանապես պարզել արդյոք սեռական ախտանշանները առաջնային են, թե հետևանք են որևէ հոգեբուժական հիվանդության, ինչպիսին են տրամադրության (աֆեկտիվ) և տագնապային խանգարումները: Մի քանի բացահայտիչ հարցերի օգնությամբ կարելի է պարզել հոգեբուժական խնդրի առկա լինելու փաստը. երբևիցե այցելուի կյանքում տեղ ունեցե՞լ է որևէ նյութի չարաշահում կամ հոգեկան հիվանդություն կամ նա ստացե՞լ է հոգեմետ դեղորայք, ենթարկվել հոգեբուժական հոսպիտալացման, ունեցե՞լ է դեպրեսիա, ֆոբիաներ, խուճապի գրոհներ:
Եթե հոգեբուժական ծանրաբեռնվածությունը առկա է, պետք է պարզել ո՞րն է առաջնային՝ սեռական ախտանիշը թե՞ հոգեկան հիվանդությունը: Հարկավոր է ճշտել, արդյոք որևէ դեղորայքի կողմնակի ազդեցության հետևանք չէ սեռական ախտանիշը: Կարևոր է հարցնել սուիցիդալ փորձերի մասին: Արտահայտված հոգեկան հիվանդությամբ այցելուն կարող է շատ խոցելի գտնվել և չդիմակայել հոգեսեռական բուժմանը կամ պարզապես օգուտ չստանալ դրանից:
ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Կանանց սեռական ցիկլի գրգռանքի փուլը ընթանում է սեռական օրգանների անոթալայնացման ռեֆլեքսի ուղեկցությամբ: Վերջինս բերում է հեշտոցամուտքի հյուսվածքների ուռչեցման, փխրունացման, որն արտահայտվում է հեշտոցի լորձաթաղանթի կարմիր գունավորման և անոթներից արյան պլազմայի արտահոսով պայմանավորված թացության կամ խոնավության ձևով: Զարկերակների լայնացումը պայմանավորնած է ողնուղեղի երկու կենտրոնների ակտիվացմամբ՝ S2, S3, S4-ում, և մյուսը՝ T11, L1, L2-ում. Նմանատիպ տղամարդկանց, կանանց սեռական գրգռումը կարող է ուժեղանալ կամ թուլանալ գլխուղեղից եկող նյարդային գրգիռների ազդեցության տակ, որոնք իրենց հերթին ենթակա են անցյալի վերապրումներին և փորձառությանը:
Հեշտոցի խոնավացման հիմնական դերը պատկանում է էստրոգենին: Հայտնի է վերջինիս ֆիզիոլոգիական ցիկլիկ ազդեցությունը արգանդի վզիկի գեղձերի գործունեության վրա: Ինչպես հայտնի է, ձվազատման շրջանում՝ դաշտանային ցիկլի մեջտեղում, այդ գեղձերի ակտիվությունը բարձրանում է և բերում վզիկի լորձային խցանի ջրիկացմանը, իսկ հետձվազատումային շրջանում գեղձերի իջնող ակտիվությունը, որը համընկնում է պրոգեստերոնի (հակաէստրոգեն) աճի և էստրոգենների նվազման հետ, ուղեկցվում է լորձային խցանի մածուցիկության բարձրացմամբ:
Էստրոգենները ունեն նաև ուղղակի ազդեցություն հեշտոցի խոնավացման վրա, քանի որ հարստացնում են ենթաէպիթելային անոթային հենքը, որը բարելավում է լյուբրիկացիան: Էստրոգենների այս ազդեցությունը հեշտոցի լորձաթաղանթի վրա կախված չէ ձվազատումից և շարունակական է այնքան ժամանակ, քանի դեռ ձվարանները արտադրում են բավարար քանակությամբ էստրոգեններ: Թեև այս հորմոնների արտադրությունը նվազում և ի վերջո լրիվ ընդհատվում է դաշտանադադարից հետո, էսրտոգենային հագեցվածությունը կարող է էական լինել նաև այս ժամանակաշրջանում շնորհիվ մակերիկամներում արտադրվող անդրոստենդիոնի փոխարկման՝ էստրոնի և ավելի պակաս նշանակալիությամբ՝ տեստոստերոնի փոխարկմամբ՝ էստրադիոլի: Այնուհանդերձ, տարիքի հետ մակերիկամների այս օժանդակ օգնությունը նույնպես դառնում է անբավարար՝ սեռական օրգանների՝ հեշտոցի լորձաթաղանթի և հարակից օրգանների հյուսվածքները ֆունկցիոնալ պատրաստակամության վիճակում պահելու համար:
Այսպիսով, ըստ էության, սեռական ցիկլի գրգռանքի փուլի խանգարումները կանանց մոտ հետևանք են գլխավորապես անոթալայնացման խանգարման՝ ի հետևանք էստրոգենների արտադրության իջեցման կամ արգելակման: Պետք է նշել, որ նաշադաշտանադադարային կանանց մոտ նման խանգարումը հազվադեպ հանդիպող է:
Էստրոգենային անբավարարություն
Էստրոգենային անբավարարությունը բնորոշ է հետևյալ վիճակներին:
Ատրոֆիկ վուլվովագինիտ- Սա գրգռանքի խանգարում առաջացնող ամենահաճախ հանդիպող գինեկոլոգիական պատճառն է, որ հանդիպում է հետդաշտանադադարային կանանց մոտ: Գինեկոլոգիական քննությունը հայտնաբերում է, որ լորձաթաղանթը չոր է և հաճախ կարմրած: Կարող է դիտվել մկանային լարվածության իջեցում և էլաստիկության պակաս: Հեշտոցի լորձաթաղանթը բարակած է, երբեմն այն աստիճանի, որ հպումից արյունահոսում է: Լաբորատոր հետազոտության ժամանակ հեշտոցի թաց քերուկում հայտնաբերվում են հիմնականում պարաբազալ բջիջներ: Արյան պլազմայում իջած է էստրոգենի մակարդակը, այն դեպքում, երբ ՖԽՀ-ի և ԼՀ-ի մակարդակները սովորաբար բարձր են:
Բացի էստրոգենային անբավարարության ֆիզիոլոգիական պատճառներից կան նաև այլ վիճակներ, որոնք բերում են ատրոֆիկ վուլվովագինիտի: Դրանք են՝
գ Ձվարանի հեռացումը, հատկապես երիտասարդ կանանց մոտ, ում ձվարանները դեռևս ի վիճակի են արտադրել բավարար քանակությամբ էստրոգեններ (վիրահատական դաշտանադադար)
գ Ռադիկալ կոնքային վիրահատությունը (օրինակ արգանդի վզիկի քաղցկեղի ժամանակ), քանի որ այս դեպքում նույնպես հեռացվում են ձվարանները՝ էստրոգենների հիմնական աղբյուրը և բացի այդ վնասվում են սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդային ուղիները:
Երբեմն հեշտոցային չորությունը հետևանք է պրոգեստերոնային նյութերի, օրինակ՝ մեդրոքսիպրոգեստերոնի ազդեցության, որն ազդում է և իբրև հակաէստրոգեն, և իբրև հակաանդրոգեն: Այս մեխանիզմով ազդում են որոշ հակաբեղմնավորիչներ, որոնք պարունակում են պրոգեստերոնի բարձր քանակներ: Այս դեպքերում գինեկոլոգիական հետազոտությունը հայտնաբերում է հեշտոցի նշանակալի չորություն, բայց ոչ լորձաթաղանթի բարակություն կամ պետեխիալ բծեր, ինչպես բնորոշ է ատրոֆիկ վիճակներին: Հեշտոցային քերուկում գերակշռում են միջանկյալ բջիջները առավել, քան cornified և պարաբազալ բջիջներջ:
ԳՐԳՌԱՆՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ
Կանանց գրգռանքի խանգարումների բուժումը իրականացվում է այցելուի հետ առանձին կամ զուգընկերոջ հետ միասին, կամ երկու տարբերակով համատեղ: Կիրառվում է դեղորայքային բուժում և սեքս-թերապիա, զուգակցված կամ առանձին առանձին: Դեղորայքային բուժումը հազվադեպ է ցուցված նախադաշտանադադարային փուլում գտնվող կանանց համար: Դաշտանադադարից հետո բուժման հիմնական մեթոդը փոխարինող դեղորայքային թերապիան է, առանց սեքս թերապիայի օժանդակության: Եթե նմանատիպ դեպքերում դեղորայքային բուժումը անբավարար է, այն զուգակցվում է գրգռանքի բուժման սեքս-թերապիայի մեթոդներով, իբրև օժանդակ հավելում բուժման հիմնական դեղորայքային կամ այլ եղանակին:
Գրգռանքի հոգեբանական խանգարման դեպքում կիրառվում է սեքս-թերապիայի կոգնիտիվ-վարքային միջոցների շարքը: Սրանք զուգակցվում են փսիխոդինամիկ ուղղվածությամբ փսիխոթերապիայի հետ, եթե բուժման նկատմամբ կայուն, խորը հուզական խնդիրներ են ի հայտ գալիս:
Էլեկտրական կամ մարտկոցով աշխատող վիբրատորները շատ արդյունավետ են կանաց սեռական ցանկությունը, սեռական գրգռանքը և հեշտանքը բարձրացնելու համար: Արտահայտված գրգռումը, որն առաջանում է վիբրատորի օգնությամբ, նպաստում է հոգեբանական արգելակումների և բժշկական վիճակներով պայմանավորված գրգռանքի խանգարումների հաղթահարման համար: Վիբրատորի կիրառումը նախատեսվում է բուժական համալիրի կազմում և կիրառվում է ինչպես անհատական, այնպես էլ զուգընկերոջ հետ միասին:
Եվ վերջապես, բուժական ազդեցություն ունի լյուբրիկանտների կիրառումը, որը արդյունավետ է ոչ միայն դաշտանադադարով, այլև էստրոգենների նորմալ մակարդակով կանանց համար: Վերջերս բարելավված նոր ջրային լյուբրիկանտները ավելի փափուկ են և երկարատև ազդող: Դրանք գերադասելի են յուղային լյուբրիկանտներին, քանի որ քիչ հավանականությամբ են վնասում լատեքսից պահպանակները: Սիլիկոնային լյուբրիկանտները գերադասելի են, եթե սեռական հարաբերությունը ընթանում է ջրում կամ երբ այն խիստ բուռն ընթացք ունի, սակայն դրանք թանկ արժեն: Թեև լյուբրիկանտները ընդհանուր առմամբ անվանաս են, բայց նրանք պարունակում են հակավիրուսային սպերմիցիդ նոնօքսինոլ 9, որը կարող է գրգռել որոշ այցելուների: Ամեն դեպքում, ինչքան քիչ կիրառվեն լրացուցիչ հավելանյութեր, այնքան պակաս կլինի ալերգիկ ռեակցիայի հավանականությունը:
[/show_more]