Այո, ինչպես որ հնարավոր է առանց օրգազմի հասնել սերմնաժայթքման, այնպես էլ` առանց սերմնաժայթքման հնարավոր է հասնել օրգազմի: Գոյություն ունեցող որոշ խնդիրներ կարող են պահպանված էրեկցիայի և օրգազմի դեպքում արգելակել սերմնաժայթքումը: Նման խնդիրները տարաբնույթ են` շագանակագեղձի վիրահատությունը, հոգեբանական որոշ արգելակումներ, օրինակ` տղամարդը մոլեռանդորեն կենտրոնացած է հիգիենայի վրա և սերմնաժայթքումը համարում է աղտոտող երևույթ: Գոյություն ունեն նաև որոշ հոգեսեքսուալ խնդիրներ` զուգընկերուհու հղիանալու հավանականությամբ պայմանավորված վախը, վերահսկողությունը կորցնելու վախը, կամ սոցիալ-մշակութային արգելքները: Սերմնաժայթքման բացակայությունը կարող է նաև նևրոլոգիական խնդիրների` բազմակի սկլերոզի, ողնաշարի վիրահատության, ուղեղի կաթվածի կամ հորմոնալ խանգարման հետևանք լինել:
Հակառակ վերոնշյալի, գոյություն ունեն որոշ պատճառներ, որոնց հետևանքով տղամարդը կարող է առանց էրեկցիայի և օրգազմի հասնել սերմնաժայթքման: Նման խնդիրներից է վաղաժամ սերմնաժայթքումը, երբ նախքան էրեկցիայի հասունացումը կամ առնանդամի բավականաչափ գրգռումը տեղի է ունենում սերմնաժայթքում: Հոգեբանական որոշ գործոններ` գերգրգռվածությունը, մերձեցման հանդեպ վախը, հարաբերություն կառուցելու անկարողությունը, ինչպես նաև շիզոֆրենիան, սեռական օրգանների վիրահատությունից հետո ի հայտ եկած բարդությունները, հորմոնալ խանգարումները, նևրոլոգիական խանգարումները, ուղեղի և ողնաշարի վիրահատությունը, շաքարային դիաբետը, թմրանյութերի և ալկոհոլի չարաշահումը, նույնպես կարող են առանց օրգազմի սերմնաժայթքման հիմնավոր պատճառ դառնալ:
Որոշ տղամարդիկ միտումնավոր են օրգազմը առանձնացնում սերմնաժայթքումից: Նրանք այդպես են վարվում` հետաձգելով այն վերջին կետը, որից հետո այլևս հետդարձ չկա: Այդ վերջնակետը «սերմնաժայթքման անխուսափելիության» կետն է և կանոնավոր վարժեցնելով` հնարավոր է դառնում լիովին վերահսկել սերմնաժայթքումը: Նման կերպ սերմնաժայթքումը երկարաձգող տղամարդիկ կարևորում են իրենց զուգընկերուհու հետ հաճելի ու երկարատև սեռական մերձեցումը, որի հիմքում առավել խոր և առավել զգայական սեռական մտերմությունն ու ճանաչողությունն է: