Էրեկցիայի հետ կապված դժվարությունները տղամարդկանց բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռականության դրսևորման ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն չի պատճառում, որքան էրեկցիայի հետ կապված խնդիրները: Ամոթի և վախի զգացմունքներ կարող են պաշարել տղամարդուն, եթե նա չի կարողանում հասնել էրեկցիայի կամ պահպանել այն: Տղամարդը կարող է դադարել իրեն տղամարդ զգալուց: Տղամարդու թերարժեքության այդ զգացումի զարգացմանը մեծապես նպաստում է էրեկցիայի խանգարմանը ի սկզբանե տրված իմպոտենցիա ավանդական անվանումը, որ թարգմանաբար նշանակում է «ուժի, հզորության և կարողության կորուստ», քանի որ մեր հասարակության մեջ վերոնշյալ հատկանիշներին հաճախ տրվում է տղամարդկությունը բնորոշող էական և պարտադիր բնութագրիչների դեր: Իմպոտենցիա բառի տղամարդու եսը վիրավորող բաղադրիչը նախընտրելի է փոխարինել էրեկտիլ դիսֆունկցիա անվանմամբ, ինչպես և այսօր կոչում են այս խանգարումը ամբողջ աշխարհում, թեև մինչ օրս իմպոտենցիա բառի կիրառումը մնում է շրջանառության մեջ:
ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես նշված է DSM-IV ում՝ «Էրեկտիլ դիսֆունկցիան սեռական գրգռումի պարբերաբար կրկնվող կամ մշտական արգելակումն է սեռական գործողության ընթացքում, որը դրսևորվում է էրեկցիայի ձեռք բերման կամ միչև սեռական հարաբերության ավարտը պահպանման մասնակի կամ լրիվ անկարողությամբ»: Այս բնորոշումը ենթադրում է, որ սեռական ցանկությունը պահպանված է և պայմանները համապատասխան են հաջող սեռական հարաբերություն ունենալու համար: Ձեռնաշարժության ժամանակ հազվադեպ հանդիպող էրեկտիլ դժվարությունները ևս ընդգրկված են այս սահմանման մեջ:
[show_more more=»Կարդալ ավելին» less=»Փակել» align=»right»]
Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ էրեկտիլ դիսֆունկցիան նկարագրված է գենիտալ ռեակցիայի բացակայության խորագրում իբրև էրեկցիայի առաջացման և սեռական գործողության ընթացքում բավարար պահպանման դժվարություն:
ԷԴ-ով շատ այցելուներ հաճույքածին են համարում համբուրվելը, շոշափումը և անգամ սեռական օրգաններին անմիջական հպումը, սակայն վերոնշյալ վարքային ակտիվությունները երբեմն կամ ամեն անգամ չեն ուղեկցվում գենիտալ ռեակցիայի առաջացմամբ: Եթե այս տեսակ արգելակումները հաճախ են կրկնվում, կարող է ի հայտ գալ սեռական ցանկության երկրորդային խամգարում՝ իջեցման կամ լրիվ անհետացման տեսքով: Որոշ դեպքերում նմանապես կարող է զարգանալ սեռական փուսափման վարքագիծ, որ կստեղծի արտաքնապես լրիվ ասեքսուալ տղամարդու կերպար:
ԷԴ-ն այնպիսի խանգարում է, որ հնարավոր չէ այն քողարկելը: Այն մտահոգություն է պատճառում նույնիսկ այն եզակի դեպքերում, որոնք անխուսափելի են ցանկացած տղամարդու կյանքում: Էրեկցիայի խանգարմանը տրվող մեկնաբանությունը կարող է տարբեր լինել, ինչից և կախված է, թե զարգացման ինչպիսի ընթացք կունենա ախտանիշը: Շատ տղամարդիկ ցուցաբերում են ընդունելի վերաբերմունք, որը նրանց թույլ է տալիս շարունակել իրենց սեռական կյանքը առանց որևէ արգելքի: Նրանց զուգընկերուհիները սովորաբար է՛լ ավելի պակաս են անհանգստացած: Ինչևիցե, որոշ տղամարդիկ էրեկցիայի խանգարման անգամ մեկ դեպքից հետո սեռական հարաբերությանը մոտենում են իբրև սպառնալից մի փորձության և սկսում վերահսկել իրենց կատարումը սեռական ողջ ակտի ընթացքում: Էրեկցիան կորցնելու վտանգը սեռական վախի պատճառ է հանդիսանում, որը հաճույքի անմիջական զգացողությունից ուշադրությունը շեղում է դեպի առնանդամի պրկվածության աստիճանին հետևելը: Բուժման հիմնական նպատակը կատարողական հենց այս տագնապի վերացումն է:
ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Տարբերում են օրգանական և հոգեբանական ԷԴ-ներ: Դրանց արտաքին դրսևորումները սովորաբար նույնն են: Հաճախ շատ ուշադիր և մանրակրկիտ զրույց է պահանջվում՝ ի հայտ բերելու այն ախտորոշիչ տվյալները, որոնք կարևոր կլինիկական նշանակություն ունեն ԷԴ-ի ձևի ախտորոշման համար: Կարևոր է պարզաբանել յուրաքանչյուր մանրամասն հանգամանք, որում առաջանում է ԷԴ-ն:
Այս կապակցությամբ ուշադիր քննարկվում և մեկնաբանվում են այցելուի բոլոր դիտարկումները կապված էրեկցիայի առաջացման հետ: Շատ այցելուներ նշում են, որ ունեն առավոտյան էրեկցիաներ և հեշտությամբ կարող են ձեռնաշարժությամբ զբաղվել մենակ գտնվելիս, մինչդեռ բացարձակապես անկարող են էրեկցիայի հասնելու երբ զուգընկերուհու հետ են: Որոշ դեպքերում էրեկցիայի ձեռք բերումը հաջողվում է, բայց դժվարություն է ներկայացնում այն պահպանելը: Մյուսները կորցնում են այն հագուստը հանելիս, անմիջապես ներթափանցումից առաջ կամ երբ առնանդամը հեշտոցում է, երբ սեռական հարաբերության պահանջ է ներկայացվում կամ էլ, երբ որոշակի տիպի կնոջ կամ որոշակի հանգամանքներում են, որը ինտիմ և վստահություն է պահանջում: Պատահում է, որ գանգատվում են անբավավար պինդ էրեկցիաներից:
Վերոնշյալ ախտորոշիչ տվյալներին անչափ օգտակար հավելում է զուգընկերուհու հետ վարած զրույցը, որի ընթացքում կարող են բացահայտվել նոր մանրամասներ և հաստատվեն արդեն ձեռք բերվածները:
Կանայք տարբեր պատասխան են տալիս իրենց զուգընկերների ԷԴ-ին: Ոմանք հրաշալի գոտեպնդողներ են և հասկացնել են տալիս, որ իրենք կարևորում են տղամարդու անձը և ոչ թե նրա պրկված առնանդամը: Այսպիսի վերաբուրմունքը պատճառային գործոնների շարքից բացառում է զուգընկերուհու մասնակցությունը: Հակադարձ ծայրահեղ վերաբերմունքը պատկանում է այն կանանց, ովքեր սեռապես պահանջկոտ և քննադատ են: Այս կանայք ծայրաստիճան զայրացնում է այն հանգամանքը, որ իրենց զուգընկերը չի բավարարում իրենց սեռական պահանջը: Կան կանայք, ում բավականության միակ աղբյուրը առնանդամի իմիսիայի մեջ է, կանայք, ովքեր առարկում են իրենց զուգընկերոջ կողմից էռոտիկ մեդիայի օգտագործումը, ովքեր հրաժարվում են տղամարդու սեռական օրգանները գրգռելուց: Հաճախ տղամարդուց սպասում են ակնթարթային էրեկցիա և դրա պահպանում մինչև կնոջ բավարարումը: Տղամարդը փորձում է ամեն կերպ բավարարել այդ սպասումները և այդ պատճառով ստեղծվում է մի ճնշում, որն ուժեղացնում է իրագործման տագնապը, արդյունքում առաջանում կամ խորանում է էրեկցիայի խանգարումը:
ՊԱՏՃԱՌԱԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Ինչպես հայտնի է, էրեկցիայի առաջացման հիմքում ընկած է արյան բարձր ճնշման ստեղծումը առնանդամում: Դա պայմանավորված է մի կողմից զարկերակային արյան հոսքի ուժեղացմամբ դեպի առնանդամի փապարային մարմիններ, մյուս կողմից՝ երակային հետհոսքի թուլացմամբ: Արդյունքում արյան զգալի քանակություն «բռնվում է կիսափակ տարածքում», առաջացնելով առնանդամի չափերի մեծացում և պրկում:
Էրեկցիայի առաջացման այս բարդ գործընթացները կարգավորվում են հատուկ կազմակերպված նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմներով: Էրեկցիան ողնուղեղային ռեֆլեքս է, սակայն ողնուղեղային կենտրոնները գտնվում են գլխուղեղի կառավարման ներքո: Վերջինս կոորդինացնում է հոգեկան և զգայական ներգործությունները և հանդիսանում է էրեկցիայի հոգեբանական ամրապնդման կամ արգելակման կենսաբանական հիմքը:
Էրեկցիայի կառավարման վերջնական պատասխանատուն ողնուղեղային երկու կենտրոնների նյարդային մեխանիզմներն են: Ողնուղեղային վերին կենտրոնը միջնորդում է հոգե-էրոտիկ ազդակների, իսկ ստորինը՝ տակտիլ ներգործությունները: Երբ ներկայացվում է անբավարար էրեկցիայի կամ էրեկցիայի ինքնաբեր առաջացման դժվարության գանգատ, հարկավոր է ճշտել՝ արդյո՞ք այցելուն օգտագործում է երկու հնարավոր՝ հոգեկան և տակտիլ գրգռման աղբյուրների ամբողջ ներուժը: Երիտասարդ տարիքում սովորաբար հնարավոր է էրեկցիայի հասնել հոգեկան գրգիռներով միայն, մինչդեռ ավելի մեծ տարիքում տղամարդը կարիք ունի լրացուցիչ տակտիլ գրգիռների:
Էրեկցիան տղամարդու սեռական դրսևորումներից ամենախոցելին է: Այն կարող է վնասվել բազմաթիվ պատճառներից՝ ամենատարբեր դեղորայքից, հիվանդագին վիճակներից, հուզական վերապրումներից: Էրեկցիայի այս խոցելությունը պայմանավորված է էրեկտիլ համակարգի կազմավորման բարդությամբ: Այս համակարգի անխափան գործունեության համար հարկավոր է առնանդամի նրբագույն կառուցվածքային ամբողջականություն, կոնքի նյարդային և անոթային բավարար մատակարարում, գլխուղեղում նյարդային մեդիատորների ստույգ հավասարակշռություն, վեգետատիվ նյարդային համակարգի հուսալի գործունեություն, համապատասխան հորմոնալ ֆոնի առկայություն և վերջապես խաղաղ և էռոտիկ տրամադրված հոգեկանի առկայություն:
Քանի որ հոգեբանական և օրգանական ԷԴ-ի արտաքին դրսևորումները նույնն են (բացի նրանից, որ հոգեբանական ԷԴ-ն հաճախ իրավիճակային է), բժշկական քննության ժամանակ հարկավոր է ուսումնասիրել և բացառել բոլոր հնարավոր օրգանական պատճառները:
Գոյություն ունեն էրեկցիայի վրա բացասաբար ազդող մի շարք դեղորայքներ՝ հակահիպերտենզիվները, այդ թվում՝ թիազիդային միզամուղները, բետա-ադրենոբլոկատորները, կենտրոնական սիմպատոլիտիկները, հոգեմետ դեղերը և հատկապես հակադեպրեսանտները: Ալկոհոլը և ծխախոտը նունպես ազդում են էրեկտիլ ֆունկցիայի վրա: Ալկոհոլի թույլ դոզաները, «ընդամենը մեկ կամ երկու բաժակ», թեև ակտիվանում են սեռական ցանկությունը, սակայն կարող են ճնշել էրեկցիան: Քրոնիկ ալկոհոլամոլությունը կարող է վնասել ամորձու հյուսվածքը, բերել տեստոստերոնի մակարդակի իջեցման և իգական հորմոնի արտադրության բարձրացման, ալկոհոլային պոլինեյրոպաթիայի: Սրանք ախտաբանական տեղաշարժեր են, որոնք բացասաբար են անդրադառնում առնանդամի վիճակի և սեռական ցանկության վրա: Ծխախոտամոլությունը առաջացնում է զարկերակների պատերի պնդացում, ներառյալ առնանդամը սնող զարկերակներինը: Ծխողները ավելի մեծ հավանականությամբ են ունենում էրեկցիայի խանգարումներ քան չծխողները:
Էրեկցիայի խանգարմանը կարող են նպաստել որոշ էնդոկրին խանգարումներ, որոնք ուղեկցվում են տեստոստերոնային անբավարարությամբ, հիպերպրոլակտինեմիայով: Շաքարային դիաբետը ԷԴ-ի առաջացման հաճախ հանդիպող պատճառներից է:
Էրեկցիայի խանգարմանը նպաստում են նաև առնանդամի հեմոդինամիկան խախտող վասկուլոգեն մեխանիզմները՝ առնանդամը սնող խոշոր և մանր զարկերակների աթերոսկլերոզը, երակային դրենաժների ձևավորումը, առնանդամի տրավմաները, Պեյրոնի հիվանդությունը, մանգաղաձև բջջային անեմիան:
ԷԴ-ն դիտվում է նաև մի շարք նեյրոգեն խանգարումների դեպքում, որոնց ժամանակ դիտվում է էրեկցիայի ռեֆլեքսը ապահովող նյարդային կենտրոնների, նյարդային ուղիների ախտահարում: Այդ հիվանդություններից են՝ բազմակի սկլերոզը, Պարկինսոնի հիվանդությունը, նեյրովասկուլյար հիվանդությունը, Այցհեյմերի հիվանդությունը, ողնուղեղի և ողնուղեղային նյարդերի տրավմաները:
ԷԴ-ն հանդիպում է նաև դեպրեսիաների ժամանակ:
40 տարեկանից ցածր տղամարդկանց մոտ մեծ է հոգեբանական ԷԴ-ի հավանականությունը, մինչդեռ ավելի բարձր տարիքում հաճախանում է օրգանական ԷԴ-ն, քանի որ այս տարիքում աճում է անոթային ախտահարումների, դիաբետի, սեռական ֆունկցիայի վրա բացասաբար ազդող դեղորայքի ընդունման հավանականությունը:
Ըստ էության ԷԴ-ի ախտորոշումը իրականացվում է բացասման եղանակով՝ հերթով բացառվում են այն հիվանդությունները և հիվանդագին վիճակները, որոնք ի վիճակի են առաջացնելու էրեկցիայի խանգարման նեյրոգեն, վասկուլոգեն և հորմոնալ մեխանիզմներ: Սա բարդ, ժամանակատար և ծախսատար գործընթաց է:
Իրականում շատ քիչ թվով այցելուներ են պահանջում լրիվ ուռոլոգիական քննություն: Փորձառու և հմուտ սեքսոլոգը հոգեկան ԷԴ-ների 90% դեպքում ընդամենը զրույցի հիման վրա կարող է բացառել օրգանական ախտածագումը: Բավական է հաստատել էրեկցիայի խանգարման տատանման փաստը այցելուի հոգեհուզական իրավիճակից ելնելով, որպեսզի գրեթե լրիվ համոզմամբ պնդել հոգեբանական պատճառների դերը Էրեկցիայի խանգարման առաջացման մեջ: Այն այցելուները, ովքեր ԷԴ-ի հիմքում ունեն օրգանական մեխանիզմներ, գանգատվում են սեռական թուլությունից ցանկացած ժամանակ, միչդեռ հոգեբանական ԷԴ-ի դեպքում սեռական թուլությունը հայտնվում է միայն հուզական լարում պահանջող իրավիճակներում: Այս նպատակով այցելուին պետք է մանրամասն քննել ձեռնաշարժության ժամանակ առաջացող, ինչպես նաև ինքնաբուխ էրեկցիաների վերաբերյալ, որոնք կապված չեն էռոտիկ գրգռման հետ և հայտնվում են առավոտյան անմիջապես արթնանալուց հետո, գիշերը՝ քնի արագ փուլի ժամանակ: Եթե այցելուն կամ նրա զուգընկերուհին նշում են իմիսիայի համար բավարար և մնայուն էրեկցիա գոնե մեկ անգամ, օրգանական գործոնների հետագա ուսումնասիրումը իմաստ չունի:
Հոգեբանական գործոնները դեր են խաղում ԷԴ-ի գրեթե բոլոր դեպքերում՝ ինչպես առաջնային օրգանական, այնպես էլ հոգեբանական: Անոթային մեխանիզմներով պայմանավորված մեղմ արտահայտված էրեկտիլ թուլությանը տրվող տագնապալից պատասխանալը ի զորու է իսկապես առաջացնելու լրիվ թուլություն: Ասվածը իրավացի է և հակառակ կոնտեքստով՝ փսիխոգեն ԷԴ-ն բերելով երկարատև սեռական ձեռնպահության կարող է առաջացնել երկրորդային օրգանական խանգարումներ, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել բուժման ժամանակ: Հաճախ դժվար է որոշել հոգեբանական և օրգանական գործոնների գերակշռող դերը այս հարցում: Նման դեպքում անհրաժեշտ է վիճակը գնահատել խառը կամ անորոշ ծագման: Սակայն հոգեբանական գործոնին անհրաժեշտ է լուրջ ուշադրության արժանացնել, քանի որ այն ազդում է ախտանիշի ձևավորման և բուժման վրա բոլոր դեքերում, նույնիսկ եթե խնդիրը մաքուր օրգանածին է:
Դեպքերի գերակշռող մասում փսիխոգեն ԷԴ-ի առաջացման անմիջական հոգեբանական մեխանիզմը իրագործման տագնապն է (performance anxiety): Այցելուի մտքերի վերլուծությունը, երբ նա սեռական հարաբերության մեջ է, ցույց է տալիս, որ նրան այդ պահին հուզում է իր էրեկցիայի պահպանման խնդիրը՝ արդյո՞ք կկարողանա պահպանել էրեկցիան մինչև հարաբերության ավարտը: Այսպիսի օբսեսիվ անհանգստությունը էրեկցիայի պահպանման կապակցությամբ այցելուին կենտրոնացնում է սեռական գործողության կատարման վրա և առաջացնում վախի զգացողություն: Քանի որ էրեկցիան խիստ զգայուն է հույզերին, իսկ ցանկացած հույզ ունի ֆիզիոլոգիական ուղեկից, կատարումային տագնապը բերում է առնանդամը արյան ավելցուկից դատարկող ռեֆլեքսների թողարկմանը և արդյունքում էրեկցիան թուլանում է:
Երբեմն իրականացման տագնապը հանդիպում է «մաքուր» ձևով և զույգի հոգեբանական գնահատումը բացահայտում է, որ այցելուն ազատ է հուզական որևէ տեսակ կոնֆլիկտից, իսկ զույգի միջանձնային հարաբերությունները խնդիր չեն հարուցում: Այլ դեպքերում այն ծառայում է իբրև պաշտպանական մեխանիզմ ընդդեմ անգիտակից սեռական կոնֆլիկտի կամ էլ մասն է կազմում միջանձնային հարաբերությունների դինամիկ զարգացման: Այս ամենը պետք է հաշվի առնել ԷԴ-ով այցելուի հետազոտման ժամանակ: ԷԴ-ով և այլ սեռական խանգարումով տղամարդկանց փսիխոպաթոլոգիաները իրարից չեն տարբերվում: Հոգեվերլուծական տեսության համաձայն տղամարդկանց սեռական խանգարումների հիմքում ընկած են չլուծված Էդիպյան բարդույթը և «ամորձատման տագնապը» և շատ հաճախ նման տղամարդկանց մոտ կարելի է դիտարկել ամբիվալենտ վերաբերմունք կանանց նկատմամբ: Էդիպյան բարդույքը կարելի է հայտնաբերել այցելուի ընտանեկան դինամիկայի ուսումնասիրման և նրա հասուն սեռական փոխհարաբերությունների վերլուծության միջոցով: ՈՒշադրության են արժանի այցելուի հարաբերությունները իր մայրիկի հետ, ներկայիս զուգընկերուհու մեջ իր մայրիկի կերպարը տեսնելու կամ իր մայրիկին հիշեցնող կանանցից խուսափելու միտումները, տղամարդկանց հետ մրցակցելու և նրանցից վախենալու դրսևորումները: ԷԴ-ով տղամարդկանց հոգեվերլուծական քննությունը ցույց է տալիս, որ նրանք ակնհայտ կերպով թշնամական կամ ամբիվալենտ վերաբերմունք են տածում կանանց նկատմամբ և կախվածություն ունեն մայրերից:
Շատ տղամարդիկ, որոնք էրեկցիայի հետ կապված դժվարություններ են ապրում, սեռական հաճույքի մասին բացասական տեղեկություններ են ստացել: Այդ պատճառով կարևոր է գնահատական տալ այցելուի հայրական ընտանիքում սեռական կյանքի և սեռական հաճույքի մասին տիրող վերաբերմունքին:
Այն կարծիքը կա, որ կանանց վերջերս «ազատագրված վարքը» կապված է նրանց կողմից սեռական ագրեսիվ պահանջների ներկայացման և դրա հետևանքով տղամարդկանց մոտ ԷԴ-ի տարածման հետ: Պետք է նշել, որ սա չի համապատասխանում իրականությանը: ԷԴ-ով այցելուների կանանց ուսումնասիրումը ցույց է տալիս, որ նրանք երբեմն իրոք ճնշում են իրենց զուգընկերներին սեռական գործողության վատ կատարման համար, բայց պատճառը ոչ թե նրանց ազատագրումն է, այլ նևրոտիկ վիճակը: Երբեմն այդ կանանց մեջ հանդիպում են ավանդական դաստիարակություն և հակասեքսուալ արժեքներ կրողները, որոնք չեն ընդունում ծլիկային գրգռումը և սեռական հարաբերության ողջ պատասխանատվությունը գցում են տղամարդու ուսերին: Այս ամենը տղամարդուն դնում է ահռելի ճնշման տակ և առաջացնում էրեկցիայի դժվարություններ: Այս տղամարդկանց վիճակը բարելավում է, երբ նրանց կանայք «ազատագրվում են» և սովորում են սեռապես ավելի ակտիվ լինել և գրգռել իրենց տղամարդկանց:
Սա չի նշանակում սակայն, որ զուգընկերուհու ագրեսիվ սեռական պահանջները և քննադատ վերաբերմունքը դեր չեն խաղում ԷԴ-ի զարգացման գործում: Ընդհակառակը, շատ կանայք չեն գոտեպնդում իրենց տղամարդկանց, երբ վերջիններիս մոտ դրսևորվում են սեռական ձախողումներ, ավելին, սեռական կյանքը դարձնելով զենք, նրանք փորձում են հաղթող դուրս գալ ամուսնական պայքարում, ինչը էական գործոն է ԷԴ-ի առաջացման և բուժման արդյունավետությունը բարձրացնելու գործընթացում: Այդ պատճառով զույգի սեռական փոխհարաբերության ուսումնասիրումը և զուգընկերուհու հուզական ռեակցիաների ուսումնասիորւմը կարևոր են ԷԴ-ով տղամարդու հետազոտման ժամանակ:
ԲՈՒԺՈՒՄԸ
ԷԴ-ի որոշ ձևեր մեծ արդյունավետությամբ բուժվում են փսիխոթերապիայի միջոցով: Դրանք այն դեպքերն են, որոնք պայմանավորված են թեթև արտահայտված իրականացման տագնապով, որը հետևանք է սեքսուալ ինքնավստահության պակասի և զուգընկերուհու կողմից գործադրվող ճնշման և հիմքում չունեն խորը անգիտակից թշնամանք կանանց նկատմամբ: Այն այցելուները, ում մոտ հայտնաբերվում են խորքային փսիխոպաթոլոգիա և միջանձնային դժվարություններ, պահանջում են ավելի երկարատև և բարդ բուժում, որը ներառում է անգիտակից կոնֆլիկտների լուծում:
Էրեկցիայի օրգանոգեն կամ փսիխոթերապիայի նկատմամբ կայուն փսիխոգեն ԷԴ-ի դեպքում բացի փսիխոթերապիայից կիրառվում են դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ բուժական մեթոդներ: Մասնավորապես մեծ կիրառում են գտել ֆոֆոդիեսթերազ-5-ի արգելակիչների կիրառումը՝ սիլդենաֆիլ, տադալաֆիլ, վարդենաֆիլ: Օգտագործվում են միջոցներ, որոնք ունեն ակտիվացնող ազդեցություն ԿՆՀ-ի վրա՝ ժենշենի արմատներ, էլեուտերոկոկի մզվածք, պանտոկրին, պրոզերին, սեկուրինին, լոշտակ և այլ: Կիրառվում է վիտամինոթերապիա, ինչպես նաև աֆրոդիզիակներ՝ յոհիմբին: Երբեմն նշանակվում են հորմոնալ պրեպարատներ՝ գոնադոտրոպիններ, անդրոգեններ և դրա սինթետիկ անալոգներ, անաբոլիկ ստերոիդներ: Որոշ դեպքերում կիրառվում է ռեֆլեքսոթերապիա:
Ողնուղային տրավմաների կամ տեղային դիստրոֆիկ պրոցեսների հետևանքով զարգացող Էրեկցիայի խանգարումը վերականգնվում է արտաքին պրոթեզավորման միջոցով: Դիմում են նաև վիրաբուժական միջոցառումներին, որոնք ունեն հիմնականում 3 ուղղություն՝
1. Սեռական անդամի կավեռնոզ մարմինների ռեվասկուլյարիզացիա
2. Կավերնոզ մարմինների երակային հոսքի քչացում
3. Սեռական անդամի էնդոպրոթեզավորում (էնդոֆալոպրոթեզավորում)
[/show_more]