Հայտնի է, որ սեքսուալության դրսևորումը մարդու կյանքում նրա ներքին կենսաբանական պահանջի/բնազդի անմիջական ելքը չէ դեպի արտաքին աշխարհ: Պատանեկության շրջանում արթնացած սեքսուալությունը տարերային-բնազդային բնույթից մինչև բանականորեն սահմանված և մշակված սեռական վարք դառնալն ու մարդու կյանքում ինտեգրվելը երկար ճանապարհ է անցնում, որտեղ սեռահասունացման ընթացքի վրա համարժեք իրավասությամբ գործում և ներազդում են երեք խումբ գործոններ՝ մարմնականը, հուզականը և իմացականը: Սեռական հասունացման տարիներին, երբ մարմնի սեռական զարգացումը առաջ է անցնում պատանու իմացական հասունացումից, սեռական մղումը ռիսկային սեռական վարքի նախապայման է դառնում և կարող է կյանքի վրա դրամատիկ հետք թողնելու մեծ հավակնություն դրսևորել։
Սեռականության ոլորտում ճանաչողության գործառույթի ներառումը մարմնասեռական հասունացմանը համընթաց տեմպով և հուզական տրամադրության ենթակայությունը այդ գործառույթին պահանջում է որոշակի տարիք և ինքնագիտակցության համապատասխան մակարդակ, քանի որ սեռական հասունացմանը բնորոշ ֆիզիոլոգիական փոփոխությունները և ներքին անծանոթ հոգեվիճակները անձնավորության ներդաշնակ զարգացման մեջ ինտեգրվելու համար բանական իմաստավորման կարիք ունեն։
[show_more more=»Կարդալ ավելին» less=»Փակել» align=»right»]
Ըստ էության մարդու սեռականության կայացման միտումը կենսաբանորեն ժառանգված բնազդային մղումներն ու զգացողությունները բանականորեն սահմանված հիմքերի կանգնեցնելն է, այլ կերպ ասած՝ մշակութային փոփոխության ենթարկելը, որ իր կատարյալ գեղեցկությամբ դրսևորվում է ամուսնական անկողնու խորհրդով, ամուսինների միմյանց նկատմամբ փոխնվիրումով և սեռական հավատարմության պահպանմամբ: Չունենալով որևիցէ էական նշանակություն սեռական ակտի խորքային կենսաբանական բնույթի համար, որն ինքն-իրենով հորմոն կախյալ դրսևորում է, այդ մշակութային «արհեստական ձևերը», այնուհանդերձ, որպես չափանիշ են ծառայում սեռական ակտի որակական տարբերման համար՝ մեկը որպես անասնական «կցորդում», մյուսը՝ որպես մարդկային կողակցում:
Իշխող սոցիալ-մշակութային մտակեցվածքը ներկայացնում է որոշակի սեռական նորմեր և տաբուներ, մարդուն հարիր սեռական վարքի սոցիալական սպասումներ, որոնք աներկբաորեն մակաբերում են իրենց համարժեք սեռական վարք: Այնուհանդերձ, սոցիալ-մշակութային գործոններն ի վիճակի չեն ներթափանցելու սեքսուալության «ներքին տարածքներ» և ձևավորելու սեքսուալության այս ամենախորքային շերտերը: Խոսքն այստեղ գնում է ոչ թե օրգանիզմի ֆիզիոլոգիական կամ անձնային, այլ` անհատական այլազանության մասին, որը պետք է հաշվի առնել, երբ փորձում ենք բացատրել, թե ինչու տարբեր անձնավորություններ տարբերվում են տվյալ մշակութային համատեքստում իրենց էրոտիզմով և սեքսուալ վարքի հարմարվողականությամբ։
Դժվար չէ նկատել, որ մարդկային գիտակցության նատուրալիստական ուղղվածությունը, որն ընկալում է սեռական բնազդն իբրև սեռական վարքի հիմքում ընկած սուբստրատ, իսկ սոցիալական միջավայրը՝ այդ բնազդին սոցիալապես ընդունելի ձև և կառուցվածքայնություն հաղորդող կողմ, ստեղծում է սեռական կյանքի մասին հասկացողություն, որը ոչ թե արտացոլում է իրականությունը, այլ այդ իրականության մասին մեր ունեցած պատկերացումն է: Մտածողության այլ ուղղվածություն է իբրև ելակետ՝ ոչ թե առարկայական գիտելիքի, այլ մարդու վերաբերմունքի, նրա ազատ գործունեության ընդունումը, որով մարդն ի վիճակի է լինում ապրելու սեռականության այլակեցությունը մարդկային սուբյեկտիվության տեսքով՝ որպես մարդկային գոյի մի դրսևորում: Այսպես կառուցված մտածողությունը ոչ թե առարկայական գիտելիք է ստեղծում մարդու սեռականության մասին, որ կարելի լիներ շահարկել նրա կառավարման-կանոնակարգման նպատակով, այլ ազատ է թողնում մարդուն, ներքուստ մտային կազմավորման ենթարկելու իր սեքսուալությունը, այսինքն ոչ թե սեռական մշակույթ է ստեղծում մարդու համար, այլ մարդ՝ իր սեռականությունն ապրելու համար:
Վերջին տասնյամակում գնալով ավելի նշանակալի է դառնում տարանջատումը մի կողմից սեռագիտության բնագավառի դասական հետազոտողների և մյուս կողմից՝ սոցիալական կոնստրուկցիոնիստների միջև: Սեռականության դասական հետազոտողները իրականությունը տեսնում և պատկերում են ելնելով մարդու սեքսուալության կենսաբանական հիմքից, մինչդեռ սոցիալ կոնստրուկցիոնիստները ունեն այն համոզումը, որ մարդու սեքսուալությունը սոցիալական կառույց է, որը կանխորոշվում և փոփոխվում է պատմամշակութային ենթատեքստի ներքո:
Սակայն մարդու սեռականությունն ուսումնասիրող այս երկու ուղղություններն էլ փորձում են սուբյեկտազերծել իրենց ուսումնասիրության առարկան, իսկ մարդու սեքսուալության առանձնահատկությունը հենց այն է, որ այն իր մեջ մարդու, սուբյեկտի դրոշմն է կրում որպես էական բաղադրիչ և դրանից ձերբազատվել նշանակում է գործ ունենալ սեռականության դիահերձման և անատոմիական պատրաստուկների հետ: Սեռականությունը՝ իբրև մարդու անձնային սուբյեկտիվության անքակտելի բաղադրիչ չի կարող համարվել իրական, այլ միայն բանականորեն ինքնասահմանված սեռականությունն է, որ իրավացիորեն մարդկային լինելու արժանիքն է կրում: Բարոյական է ոչ թե բնականը, այլ բանականը: Հետևաբար ժամանակակից գիտության կողմից սեռականության հետազոտումը ուսումնասիրում է մի բան, ինչը անհատական զարգացման ընթացքում ձեռք բերված, սովորույթային բնույթ կրող ինքնադրսևորում է և չի կարող արտացոլել մարդու՝ իբրև ինքնություն ունեցող էակի հատկանիշ: Մարդու համար գոյություն ունենալ՝ նշանակում է միտվել իր իդեալին կամ ինչպես Հեգելն է ասում՝ իր կեցության մեջ լինել իր հասկացությունը: Մարդու ինքնահաղթահարումը և դեպի իր կատարելատիպը մշտապես վերընթանալու պահանջմունքը, մարդու ամենախորքային պահանջմունքներից է: Սեռային պատկանելիության ինքնիրացումը հնարավոր է միայն մարդու ինքնության էպիկենտրոնի գիտակցման շնորհիվ: Այլ կերպ ասած ինքնաբեր գոյության կամ սուբյեկտային տրվածության կարգավիճակից սեռականությունը անցում պետք է կատարի ազատ-բանականորեն ընտրված, հասցեատեր ունենալու կարգավիճակի: Այս ընթացքում սեռականությունը էական ձևափոխություն է կրում մարդու արարչական իմաստավորմամբ և հայտնվում է իսկական էրոտիզմը։
Հեղինակն իբրև սեռականության ոլորտում պրակտիկ գործառող բժիշկ և հետազոտող անկասելիորեն հետևում է մտային այն ավանդույթին, որի մասին խոսել են նաև Սոկրատեսը և Պլատոնը, համաձայն որի մարդկային գոյը տարբերակվում է մարմնականի, հոգեկանի և ոգեկանի: Մարմնականը և հոգեկանը կազմում են նրա անհատական սուբյեկտիվությունը, իսկ մարդկային գոյի բարձրագույն գաղափարը կրող ոլորտը ոգեկանն է: Վերջինս, կարելի է ասել, ոչ թե անհատական, այլ տրանսցենդենտալ սուբյեկտիվություն է, տրանսցենդենտալ եսը: Չգիտակցված, զգայականի հետ միաձույլ գոյը ի վիճակի չէ ապրելու իր սեռային պատկանելիությունը: Միայն ինքնագիտակցության գործընթացը, ռեֆլեքսիվությունը մարդկային հոգեկանի և մասնավորապես՝ սեռականի ինքնաըմբռնման մեջ՝ նատուրալիստական բնույթից վերացարկող-դատողական ձգտումով գնում է առաջընթաց, դեպի մարդ տեսակի իրական ինքնիրագործում և մասնավորապես՝ իրական սեռային ինքնություն և ինքնիրացում: Սոկրատեսի այն միտքը, թե — «պետք է սիրել միայն տգեղ կանանց» ասվածի փայլուն արտացոլումն է և հարկ է հասկանալ հենց այս ընկալմամբ՝ միայն հասուն ոգեղենության պարագայում հնարավոր է իրական սեռային մոտիկություն կամ մաքուր էրոտիզմ:
[/show_more]