Ինչպե՞ս անեմ, որ ընկերս առաջվա պես կրքոտ ցանկանա ինձ: Նախքան սեռական կյանքով ապրելը նա համարյա անընդհատ ուզում էր ինձ, հիմա մենք հանդիպում ենք շաբաթական մեկ կամ երկու անգամ, իր կյանքում հայտնվել են այլ աղջիկներ և ես կորցրել եմ երբեմնի հույսը, որ մի գեղեցիկ օր կամուսնանամ իր հետ: Չեմ կարող դադարել մտածել նրա մասին, դժվարանում եմ կենտրոնացնել ուշադրությունս որևէ գործի վրա, դրանից տուժում են դասերս, տանը ոչ ոքի հետ չեմ խոսում, դարձել եմ ներամփոփ, նյարդային և դյուրագրգիռ: Նիհարել եմ համարյա 10 կգ վերջին մեկ ամսվա ընթացքում: Մտածում եմ, որ ընկերուհիներս ճիշտ են վարվում, որ նախքան ամուսնանալը պահում են իրենց կուսությունը, որովհետև տղամարդիկ խորը հիասթափություն են ապրում իմ տեսակի աղջիկներից:
[show_more align=»right»]
Հարգելի նամակագիր Դուք կախվածության մեջ եք հայտնվել այդ տղայից և ծանր սթրես եք տանում։ Նկարագրված սիմպտոմները խոսում են նյարդային համակարգի ծայրահեղ լարվածության և անգամ հյուծվածության մասին: Հարկավոր է նախ և առաջ ազատվել այդ կախվածությունից, նյարդերը վերականգնող և ամրացնող բուժում ստանալ, դա ճիշտ նման է թմրանյութերից կախման մեջ գտնվող թմրամոլի վիճակին, ով զրկվել է իր թմրանյութից։ Ամուսնության միտքը Ձեզ համար դարձել է գերարժեքային միտք և իրեն է ենթարկեցնում Ձեր ողջ հոգեկանը։ Կուսության կորուստն ապրվում է իբրև ինքնության կորուստ, այսինքն Ձեզ փորձում եք նույնացնել կուսաթաղանթի հետ, որն ընդամենը շարակցական հյուսվածքի կտոր է։ Այն միտքը, թե լավ է հետևել ընկերուհիների վարքին և չթուլանալ նախքան ամուսնությունը, կատարյալ հիմարություն է, որովհետև պահպանելով կուսաթաղանթը, այդ աղջիկները միևնույնն է կորցնում են իրենց կուսությունը։ Սակայն հիմարություն է նաև Ձեզ պես վարվելը, այսինքն` կախվածության մեջ ընկնել տղամարդուց, ով կուսազրկել է Ձեզ։ Կարճ ասած, Դուք հայտնվել եք մի այնպիսի վիճակում, որտեղ գնալով խորանում է Ձեր ինքնանվաստացման գործընթացը, սեռային թերարժեքության զգացումը և այս վիճակից Ձեզ հանել կարող է միայն կողմնակի ուժը’ Դուք կարիք ունեք մասնագիտական միջամտության: Մտածում եմ, որ հիմա ավելի լավ է հեռու մնաք սեռական կյանքով ապրելուց և լավ կլինի, որ ձեր խնդիրները լուծելու համար որոշ ժամանակ հեռանաք այդ տղայից: Հավատացեք, որ լուծում տալով այդ խնդիրներին, Դուք ինքներդ չեք ցանկանա այդ ընկերոջը և Ձեր կյանքում կհայտնվի բոլորովին նոր, ավելի հասուն տղամարդ։
[/show_more]