Բժիշկ-սեքսոլոգի կլինիկական պրակտիկայում ամենահաճախ տրվող հարցերից մեկն էլ վերաբերում է սեռական գրգռման չափի ավելացմանն ու լիարժեք օրգազմին:
Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք խթանում են սեռական գրգռումը և օրգազմը դարձնում ավելի ուժգին: Շատ կարևոր է ընդունել, որ ուղեղը մարդու ամենագլխավոր սեռական օրգանն է: Մենք այն կարող ենք հեղեղել մարմնական, հուզական, իմացական, ինչպես նաև, դեղորայքային խթանիչներով, որոնք կարող են հավելել օրգազմի ուժգնությունը:
Կանանց հեշտոցի, ծլիկի, արգանդի վզիկի, պտուկների, կրծքերի, շրթունքների և սեռազգայունությամբ օժտված այլ հատվածների համատեղ և զուգահեռ գրգռման միջոցով կարելի է երկարացնել և ուժեղացնել հեշտանքը:
Տղամարդիկ ավելի բուռն հեշտանք են ապրում, երբ առնանդամի գրգռումը ուղեկցվում է փոշտի, ամորձիների, շագանակագեղձի, պտուկների, շրթունքների և սեռազգայունությամբ օժտված անհատական այլ հատվածների միաժամանակյա գրգռմամբ:
Մարմնի այս մասերի զուգորդված գրգռման ազդեցությունը կուտակային է, որովհետև այդ հատվածներից բազմաթիվ զգայական նյարդերի միջոցով փոխանցվող գրգիռները աստիճանաբար հավաքվելով՝ ուղեղի վրա գումարային ներգործություն են ունենում: Մարմնական գրգռումները հոգեկան պատկերներով ու երևակայությամբ զուգորդելը կարող է լրացուցիչ ներգործություն ունենալ:
Շատ մարդկանց համար գերագույն սեռախթանիչը հենց անկեղծության, քնքշության, փոխադարձ հոգատարության, ազնիվ միջանձնային հարաբերությունների վրա հիմնված ճշմարիտ սերն է: Սիրող զույգերը գրեթե միշտ ունեն բավարարված սեռական հարաբերություններ: Սեռական կյանքում ոչինչ չի կարող փոխարինել փոխադարձ ու ճշմարիտ սիրով ու կրքով տոգորված մարմնական մերձեցմանը, ինչպես որ ոչինչ չի կարող այնքան արագ քայքայել սեռական հարաբերությունները, որքան` անհարգանքն ու անվստահությունը:
Միանշանակ դժվար է նշել, թե սեռական հարաբերության ընթացքում օրգազմի հասնելու համար ինչքան ժամանակ է պահանջվում, որովհետև այն շատ տարբեր է և ունի խիստ անհատական բնույթ: Կան մի քանի կարևոր գործոններ, ինչպիսին են տարիքը, սեռական փորձառությունը, ընդհանուր առողջական վիճակն ու ընդունվող որոշակի դեղամիջոցներ, որոնք էական ազդեցություն ունեն օրգազմի հասնելու ժամանակաընթացքի վրա:
[show_more more=»Կարդալ ավելին» less=»Փակել» align=»right»]
Թե’ տղամարդիկ, թե’ կանայք կարող են տարատեսակ հնարքներով ինքնակամ ձգձգել օրգազմի հասնելու ժամանակաընթացքը: Հինդուիզմում գոյություն ունեն մի շարք տեխնիկաներ, ինչպես օրինակ` Տանտրան, որը թույլ է տալիս կառավարել սերմնաժայթքման և օրգազմի ռեֆլեքսները, քանի որ կրոնական նկատառումներից ելնելով սեռական մերձեցմանը հատուկ նշանակություն է հաղորդվում: Վերջին տարիներին արևմուտքը նույնպես փորձում է փոխառել հարյուրամյակների ընթացքում ձևավորված արևելյան այս յուրահատուկ ունակություններն ու հմտությունները:
Օրգազմի հասնելու համար տղամարդկանց հիմնականում պահանջվում է 2-10 րոպե տևողությամբ սեռական մերձեցում: Այն տղամարդիկ, ովքեր ունեն օրգազմը ձգձգելու փորձառություն, հնարավոր է գրգռման աճ ունենան մեկ ժամ կամ նույնիսկ ավելի երկար ժամանակաընթացքում:
Տղամարդը` ում սերմնաժայքումը տեղի է ունենում միջին տևողությամբ մերձեցման ընթացքում, ավելի հեշտությամբ է կարողանում վերահսկել սերմնաժայթքումը:
Մի շարք ուսումնասիրություններ պարզել են, որ կանանց մեծ մասը օրգազմի հասնելու համար ավելի երկարատև գրգռման կարիք ունի: Մինչդեռ որոշ կանայք ինքնագրգռման միջոցով կարող են օրգազմի հասնել 30 վայրկյանում, իսկ մեծ թվով կանայք օրգազմի են հասնում 20 րոպեի ընթացքում:
Օրգազմի տևողությունը ըստ հեղինակավոր գիտնականներ՝ Մաստերս և Ջոնսոնի, կանանց դեպքում կազմում է 3-15 վայրկյան, մինչդեռ տղամարդկանց մոտ այն ավելի կարճատև է: Օրգազմի տևողության վրա ազդող գործոններն են՝ տարիքը, սեռական ժուժկալության տևողությունը, սեռական խթանման տեսակը և ինչպես է այն առաջացել՝ զույգով հարաբերման, թե՞ ձեռնաշարժության արդյունքում: Տարիքի հետ օրգազմի տևողությունը կարճանում է:
Աղբյուրը՝ «The Orgasm» by Beverly Whipple et all գրքից:
[/show_more]