Get In Touch

Wrasse climbing gourami amur pike Arctic char, steelhead sprat sea lamprey grunion. Walleye

Contacts
Location
523 Sylvan Ave, 5th Floor
Mountain View, CA 94041USA

Blog Details

Սեռական առասպելներ

Հայտնի է, որ յուրաքանչյուր հասարակություն ունի իր ավանդույթներից և մտակաղապարներից ծնված առասպելներ: Տրվելով այդ առասպելներին՝ կանայք ու տղամարդիկ իրենց սեռականության մասին ձևավորում են իրականությանը չհամապատասխանող սպասումներ, որոնք էլ հետագայում կարող են տարբեր սեռական խանգարումների պատճառ հանդիսանալ:

Հայկական իրականության մեջ ամենատարածված սեռական առասպելներից մեկն այն է, որ կնոջը սեռական հաճույք պարգևելու մենաշնորհը պատկանում է տղամարդուն: Մինչդեռ գիտական փաստերը վկայում են, որ սեռական հաճույք վերապրելու կարողությունը մեծապես կախված է հենց իրենից՝ կնոջից: Այսպես, եթե կինը ունի որևէ ներանձնային կոնֆլիկտ, փսիխոսեքսուալ զարգացման հապաղում, սեքսուալ “ես”-ի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նյարդային, հորմոնալ հիվանդություններ, տեղային բորբոքային երևույթներ, ապա ոչ մի տղամարդ, նույնիսկ սեքսուալ ուժեղ տիպի, ի վիճակի չէ այդ կնոջը սեռական հաճույք պատճառել:

[show_more more=»Կարդալ ավելին» less=»Փակել» align=»right»]

Եթե կինը բժշկական օգնության շնորհիվ վերականգնում է սեռազգայունությունը, գրգռունակությունը կամ հեշտանք ապրելու կարողությունը, ապա այս դեպքում անինքնավստահ և ինքնաքննադատման հակում ունեցող տղամարդուն համակում են մտավախություններ ու կասկածներ՝ կապված կնոջ հավատարմության հետ. «եթե նա արդեն իմացավ ինչ է սեռական հաճույքը, ապա ինչ կլինի, եթե ես մի օր չկարողանամ բավարարել նրան»: Ահա սա էլ հաջորդ, ոչ պակաս տարածում գտած առասպելն է: Ամուսինը ընկնում է կեղեքումների գիրկը, երբեմն նույնիսկ հայտնվում է դեպրեսիայի մեջ: Այս առասպելի զոհն են դառնում հազարավոր մարդիկ, մինչդեռ իրականում ճիշտ հակառակն է. կինը, ով սեռապես բավարարված է, երբեք չի մտածի զուգընկերոջը փոխելու մասին: Եվ եթե չլինեն տղամարդու նմանատիպ մտավախություններն, ամուսինները կապրեն երջանիկ սեռական և առօրյա կյանքով:

Տղամարդիկ հպարտանում են իրենց սեռական օրգանի չափի և պնդության աստիճանով, քանի որ տարածված է այն կարծիքը, որ տղամարդու սեռական օրգանի չափը և ձգվածության աստիճանը կնոջը սեռապես բավարարելու և որպես տղամարդ ռեալիզացվելու միակ կարևոր չափանիշն է: Սակայն ի հակառակ վերը նշվածի, բազում կանայք սեռական հարաբերության ժամանակ ամենաքիչը կարևորում են հենց բուն սեռական ակտը, այդ կանանց համար ավելի մեծ նշանակություն ունի սիրային նախերգանքը, տղամարդու հուզական էքսպրեսիվությունը, ուշադրությունը, ինչպես նաև` կնոջ հանդեպ առօրյա վերաբերմունքը: Եվ իրոք, գիտականորեն ապացուցված է, որ կնոջ սեռականությունը մեծապես պայմանավորված է հոգեբանական գործոններով, քան ֆիզիկական պարամետրերով (սեռական անդամի չափ, պնդություն, սեռական հարաբերության տևողություն): Ցավալի է, բայց փաստ նաև այն հանգամանքը, որ կանայք իրենց սեռական գրավչությունը կապում են իրենց հանդեպ տղամարդու դրսևորած հետաքրքրության հետ, եթե ամուսնու կողմից նվազում են անցյալում եղած սեռական ցանկության նշանները, այդ կինը ընկնում է խոր վշտի գիրկը. “ես այլևս դադարել եմ նրան որպես կին հրապուրել և կորցրել եմ իմ երբեմնի գրավչությունն ու գեղեցկությունը, հիմա նա, ամենայն հավանականությամբ, գտել է երիտասարդ սիրուհի”: Իսկ իրականում տղամարդու սեռական ցանկության նվազումը հնարավոր է բացարձակ կապ չունենա կնոջ գրավչության հետ, այլ բխի հենց իր՝ տղամարդու սոցիալական, հեգեբանական կամ գուցե նաև կենսաբանական խնդիրներից: Եվ եթե տղամարդը ժամանակին վերականգնի իր սեռական ցանկությունը, չի խորանա նաև նրանց միջև առաջացող միջանձնային անդունդի սպառնալիքը: Մինչդեռ կա հոգեբանական ֆենոմեն, այն է՝ կնոջ կողմից կպչուն բնույթի մտավախությունները իրականացվում են տղամարդու կողմից:

Վերջապես տղամարդիկ ռոբոտներ չեն, իսկ սեռական ակտը` մեխանիկական գործընթաց և հնարավոր է, որ նրա մոտ էլ պարբերաբար չլինի սեռական ցանկություն, կամ այնպես պատահի, որ չգոհացնի կնոջը, դա միանգամայն բնական է և հատկանշական է բոլոր տղամարդկանց

Ինչ վերաբերում է տարիքային փոփոխություններին, տարածված է այն կարծիքը, որ տարիքի հետ տղամարդը կորցնում է պոտենցիան, բայց իրականում պարզապես նվազում է սեռական ցանկությունը, և երիտասարդ հասակի հետ համեմատած ոչ այնքան հաճախակի է առաջանում սեռական պահանջ: Կարևոր է դառնում ոչ թե սեռական հարաբերությունների քանակը, այլ բովանդակությունը, մինչդեռ էրեկցիայի հետ կապված որևէ խնդիր առաջանում են ավելի ուշ տարիքում, եթե իհարկե բացակայում են այլ հիվանդությունները:

Ուստի տղամարդկանց խորհուրդ է տրվում հետևել իրենց առողջությանը, հետևել առողջ ապրելակերպի սկզբունքներին, չչարաշահել ալկոհոլը և նիկոտինը և անպայման իմանալ տղամարդու սեռականության շուրջ պտտվող առասպելների հիվանդագին ազդեցությունների մասին:

[/show_more]

Leave a Comment