Մարդը սոցիալական էակ է և միակ կենդանի արարածը, ով նաև արարիչ է: Ապրելով իր իսկ արարած մշակույթում, ի տարբերություն մնացած բոլոր կենդանի էակների, որոնք ապրում են բնության մեջ և առաջնորդվում բնության օրենքներով, մարդը մշտապես ենթարկվում է մշակույթի ազդեցությանը, որը սնում և ուղղորդում է նրան: Սեռերի փոխհարաբերությունը և դրա կարգավորման տարաբնույթ հարցերը մեր մշակույթում վաղուց են արտահայտվել դիցաբանության, բանահյուսության, կրոնի, արվեստի, բարոյագիտության, քաղաքական ուսմունքերի մեջ: Մարդկային լեզուն մեծ դեր է խաղացել այդ մշակույթի ձևավորման վրա և միշտ հայերի լեզվամտածողության մեջ սեռերին վերաբերող հարցերում հնչեցվել է երկու բառ՝ սեռ և սեր:
Հայոց վիպերգության մեջ ՛՛Առյուծը առյուծ է, էգ լինի, թե որձ՛՛ խոսքը շատ խորը իմաստ ունի (այսպես է խրատում Քեռի Թորոսը Սասունցի Դավթին, երբ վերջինս փոքր-ինչ կարկամում է հարսնացուի՝ Խանդութի վստահ կեցվածքից:) Կին-տղամարդ փոխհարաբերությունների կարգավորվան մասին սա մի ամբողջ փիլիսոփայություն է ու սեռային ներդաշնակության ապահովման գրավական: Մեր մշակույթի ընթացքում մենք ստիպված չենք եղել սեռային խտրականության ջատագով լինել, որովհետև մարդու արժանապատվությունը մեր մշակույթում միշտ վեհ ու բարձրագույն դիրքում է եղել, իբրև ամենահին քրիստոնյա ազգ: Հայաստանում սեռերի միջև հարաբերությունները կարգավորվել են մարդկային արժեքներով, կին-տղամարդ հարաբերությունները բխել են նախ և առաջ մարդ լինելու չափանիշից, որն ամենաբարձրագույն կարգավորիչն է եղել: Մարդ լինել, ահա թե որն է կին-տղամարդ հարաբերության ներդաշնակության գրավականը: ՈՒ կարիք չի լինի սեռը արհեստականորեն տարանջատել կենսաբանականի և հանրային-մշակութայինի (գենդեր կամ ջենդեր): Արժանապատվություն ունեցող կինը տղամարդու գենդեր ունենալու նշան չէ, ինչպես և՝ արժանապատվությունից զուրկ տղամարդը՝ կանացի գենդերի հավաստիք։