Սեռական ցանկության իջեցում
ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Սեռական ցանկության հիմնական խանգարումները, որոնք նկարագրված են DSM-IV-ում երկուսն են` (1) Ցածր սեռական ցանկություն (302.71), սեռական երևակայությունների և ցանկության սակավություն կամ բացակայություն, որը զգալիորեն անհանգստացնում է անձին կամ առաջացնում միջանձնային խնդիրներ և պայմանավորված չէ որևէ հիմնական հիվանդությամբ, (2) Սեռական ավերսիա (302.79), զզվանք դեպի սեռական կապը և ակտիվ խուսափում դրանից, որը առաջացնում է զգալի անհանգստություն կամ միջանձնային խնդիրներ և պայմանավորված չէ որևէ հիմնական հիվանդությամբ:
Գրականության մեջ կարելի է հանդիպել նաև Արգելակված կամ Ճնշված Սեռական Ցանկություն (Inhibited Sexual Desire) ախտորոշմանը, որը թերևս որոշակի շփոթություն է առաջացնում: Դրանից խուսափելու համար Արգելակված Սեռական Ցանկություն (ԱՍՑ) կիրառվում է այն հիվանդագին ցածր սեռական ցանկությունների դեպքում, երբ պատճառը հայտնի է, այսինքն երբ հստակ պարզաբանված է այն ախտաբանական գործոնը, որը արգելակել է սեռական ցանկությունը: Բոլոր մնացած դեպքերում, երբ ցածր լիբիդոյի պատճառածնությունը դեռևս հայտնի չէ, գերադասելի է Ցածր Սեռական Ցանկություն (Low Sexual Desire) անվանումը (ՑՍՑ): Պետք է նշել, սակայն, որ այս երկու անվանումների մեջ տարբերությունը զուտ պայմանական է և ըստ էության խոսքը գնում է միևնույն կլինիկական միավորի մասին:
Շփոթություն կարող է առաջացնել նաև Սեռական Խուսափում (Sexual Avoidance) ախտորոշումը, որը կիրառության է կոչվել Masters և Johnson-ի կողմից, այն վիճակը նկարագրելու համար, երբ անձը խուսափում է ամեն տեսակի սեռական դրսրևորումներից, աչքի է ընկնում սեռական ակտիվության ցածր հաճախականությամբ կամ ընդհանրապես չի ապրում սեռական կյանքով: Արգելակված սեռական ցանկությունը, ինչ խոսք, կարող է հանգեցնել խուսափող վարքի ձևավորման, որը կարևոր կլինիկական նշանակություն ունի, քանի որ պահանջում է բուժական այլ մոտեցման որդեգրում: Սեռական ցանկության արգելակումը, սակայն, մեկն է այն բազում պատճառներից, որոնք կարող են բերել ասեքսուալ վարքի: Անձը կարող է խուսափել սեռական կյանքից անկախ նրանիցª ունի նա սեռական ցանկություն, թե ոչ:
ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ Նորմալ սեռական վարքի սահմանումը դժվար է բնորոշելª ելնելով գիտության ժամանակակից նվաճումների տեսանկյունից: Ուստի ԱՍՑ ախտորոշումը դրվում է միջին ցուցանիշների հետ այցելուի սեռական ցանկության համեմատության կարգով: Ի տարբերություն գենիտալ պատասխանների (գրգռանքի և հեշտանքի փուլեր), որոնք անմիջականորեն ենթակա են ուղղակի գիտական դիտարկման և օբյեկտիվորեն չափելի են, սեռական ցանկության խանգարումները ախտորոշվում են վերլուծության միջոցով և այդ առումով թերևս կրում են սուբյեկտիվ բնույթ: Համեմատական վերլուծության հիմք են հանդիսանում զանազան վիճակագրական հետազոտությունները, կլինիկական դիտարկումները, անձնական փորձառության տարբերությունները:
ԱՍՑ-մբ այցելուները կլինիկայում հայտնվում են սեփական կամ զուգընկերոջ նախաձեռնությամբ, վերջապես երկու զուգընկերն էլ համատեղ ցանկություն են արտահայտում ուժեղացնելու իրենց փոխադարձ սեռական ցանկությունը:
Բոլոր նշված դեպքերում հիմնական գանգատն այն է, որ սեռական ցանկությունը այն չէ, ինչ պետք է լիներ, ինչ կարող էր լինել, ինչպես եղել էր անցյալում կամ ուրիշ է այլ զուգընկերոջ հետ: Այլ խոսքերով ասած, այցելուի դատողությունները ցածր սեռական ցանկության վերաբերյալ հիմնվում են համեմատության վրա, երբ համեմատվում են իր և իր զուգընկերոջ ցանկությունները, անցյալի և ներկայի փորձառությունները, երկու տարբեր զուգընկերների հանդեպ տածած ցանկությունները: Հնարավոր է նաև սեփական զգացողության վրա հիմնված կարծիքի ձևավորումը: Հետևաբար սեռական ցանկության գնահատումը հարաբերական է:
Այնուհանդերձ, ԱՍՑ ախտորոշման գործընթացում որոշակի մասնաբաժին պատկանում է նաև նորմայի հետ այցելուի սեռական ցանկության համեմատությանը: Այս առումով նորմա հասկացության սահմանումը շատ կարևոր է: Թերևս այսօր, իմացության դեռ անավարտ փուլում, կարելի է տալ միայն մոտավոր և ընդհանրական պատկերացումներ սեռական ցանկության նորմայի մասին: Սակայն որոշակի պնդումներ, որոնք կիրառելի են կլինիկական աշխատանքի ընթացքում, այնուամենայնիվ կարելի է կատարել: Այսպես, կարելի հաստատապես ասել, որ առողջ անհատը ողջ կյանքի ընթացքում անկախ իր մշակութային արժեքներից ունի սեռական քաղցի զգացում: Ինչպես այլ անհատական գծերը, ինչպիսիք են քաշը, խելացիությունը և այլն, սեռական հակման ուժգնությունը նույնպես ենթակա է լայն տատանումների, ընդհուպ մինչև այն աստիճանի, որ երբեմն նույնիսկ դժվար է տարբերակել նորմա և ախտաբանություն սահմանը: Այսպես օրինակ, երբեմն միանգամայն առողջ որոշ անհատներ ունեն այն աստիճանի ցածր սեռական ցանկություն, որը մեկ այլ անհատի համար համարվում է խանգարում:
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ցածր սեռական ցանկությունով անձը հետաքրքրված չէ սեռական կյանքով: Նա չի նախաձեռնում սեռական ակտիվություն, չի երևակայում դրա մասին: Նա “այլևս չի նկատում հմայիչ աղջիկներին, որոնք անցնում են փողոցով”: Սեռական ցանկությունը, որն ի հայտ է գալիս սեռապես առողջ անձի մոտ ի պատասխան սեռական օրգանների գրգռման, նրանց մոտ լրիվ բացակայում կամ առաջանում է մեծ դժվարությամբ: Գենիտալ պատասխանները (գրգռանքի և հեշտանքի), այն էլ եթե սեռական գրգռում թույլատրվում է, թեև ի վիճակի են առաջանալու, այսինքն, անձը կարող է ունենալ էրեկցիա կամ լյուբրիկացիա կամ հասնել հեշտանքի, բայց այս զգացողությունները իրականում բավականություն չեն պատճառում, հաճույքի զգացողությունը խամրած է և վաղանցիկ, կենտրոնացած միայն սեռական օրգանների շրջանում: Այցելուները նմանեցնում են այս իրավիճակը նրա հետ, երբ հաց են ուտում ոչ քաղցած ժամանակ:
Բոլոր այն իրավիճակները, որոնք նորմայում բարձրացնում են սեռական ցանկությունը, արգելակված այցելուների մոտ ուղեկցվում են զգացողությունների բացակայությամբ կամ նույնիսկ բացասական հույզերի առաջացումով, ինչպիսիք են բարկությունը, վրդովմունքը, զզվանքը, ներվայնությունը, տագնապը: Այցելուներից մեկը նշում էր. “Ես ուզում եմ պարզապես կծկվել և շուռ գալ մյուս կողքի, երբ նա համբուրում Է ինձ”:
ԱՍՑ կլինիկական ձևերը
Սեռական ցանկության խանգարումները լինում ենª
- առաջնային և երկրորդային,
- բացարձակ և իրավիճակային:
Առաջնային ցածր սեռական ցանկությունը հազվադեպ վիճակ է, որին բնութագրական է ասեքսուալ կյանքի պատմությունը: Այցելուն զուրկ է սեռական հետաքրքրությունից, երբևէ չի զբաղվել ձեռնաշարժությամբ: Առաջնային ցածր սեռական ցանկությունը բնութագրական է թույլ սեռական կոնստիտուցիայով անձանց, ինչպես նաև հանդիպում է որոշակի հիվանդությունների, ծանր փսիխոպաթոլոգիաների (շիզոֆրենիա և խրոնիկական դեպրեսիա) ժամանակ: Ասեքսուալ կյանքի պատմություն ունեն նաև նևրոտիկ կոնֆլիկտի հիման վրա լիբիդոն ճնշած անձիք:
Երկրորդային ցածր սեռական ցանկությունը, երբ սեռական հակումը կորում է նորմալ սեռական փորձառությունից հետո, ավելի հաճախ է հանդիպում քան առաջնայինը: Սեռական ցանկության երկրորդային կորուստը կարող է աառաջանալ մի շարք ֆիզիկական պատճառներից և հոգեբանական ցնցումներից, օրինակª ամուսնություն, երեխայի ծնունդ, սիրային մերժում, սիրած մարդու կորուստ կամ դավաճանություն, բարկություն զուգընկերոջ հանդեպ կամ սեռականի հետ կապ չունեցող որևէ տրավմա, ինչպիսին է օրինակ աշխատանքի կորուստը կամ ավտովթարը:
Սեռական ցանկության բացարձակ բացակայության դեպքում, անձը ընդհանրապես չունի սեռական հետաքրքրություն ոչ մեկի նկատմամբ: Էռոտիկ ցանկությունները, երևակայությունները և մտքերը բոլորովին դադարում են դեր խաղալ այս անձանց կյանքում, կարող են անհետանալ նաև առավոտյան էրեկցիաները: Լիբիդոյի բացարձակ կորուստը սովորաբար զուգակցվում է դեպրեսիվ իրավիճակների հետ, ուղեկցում է սուր սթրեսներին կամ ֆիզիկական պատճառների հակազդեցությանը:
Ամենատարածված կլինիկական տարբերակը իրավիճակային ցածր սեռական ցանկությունն է: Սա սեռական ցանկության փսիխոգեն արգելակման դասական օրինակն է: Բնորոշ է այն, որ անձը սեռական ցանկություն է զգում միայն այն իրավիճակներում, որոնք “ապահով են”: Հետաքրքիր է այն փաստը, որ հաճախ ամենացանկալի զուգընկերն է, որ “վտանգ” է ներկայացնում, ինչն էլ բերում է սեռական ցանկության արգելակման: Եվ այսպես, տղամարդը ցանկություն է ունենում և սեռապես ակտիվ է մարմնավաճառի, օտար կնոջ կամ այն կնոջ հետ, որն իրեն վերաբերվում է սադիստորեն կամ ցածր է իր սոցիալական դասով, սակայն նրա սեռական հակումը արգելակվում է իր առավել գրավիչ և խելացի զուգընկերուհու նկատմամբ, ում հետ իրապես կցանկանար լինել ինտիմ հարաբերությունների մեջ:
Նմանապես իրավիճակային ԱՍՑ-ն բնորոշ խումբ են կազմում այն կանայք, որոնք իրենց կուսության տարիների ընթացքում ապրում են էրոտիկ զգացողություններ, հաճույք են ստանում պետինգի ընթացքում, բայց կորցնում են սեռական հետաքրքրությունը սեռական հարաբերության մեջ ընդգրկվելուց, ամուսնությունից, ծննդաբերությունից հետո, իրավիճակներ, որոնք սիմվոլիկ կամ անգիտակցական մակարդակով “վտանգ” են ներկայացնում:
Սեռական ցանկության խանգարումները կլինիկայում ի հայտ են գալիս երեք ձևովª որպես ինքնուրույն խնդիր, այլ սեռական խանգարման մեջ ներընդգրկված կամ բոլորովին այլ խնդրի բովանդակության մեջ (ամուսնական կոնֆլիկտ, դեպրեսիա և այլն):
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԱՍՑ-ն հիմնական նշանը սեռական ակտիվության ցածր հաճախականությունն է, հիպոակտիվությունը: Կլինիկական նկատառումներուվ սեռական հիպոակտիվությւոնը առաջին հերթին պետք է տարբերակել սեռական խուսափումից: Վերջինս նույնպես բնութագրվում է սեռական պասիվությամբ, բայց հիմքում ունի ոչ թե սեռական ցանկության ցածր լինելու հանգամանքը, այլ սեռական վախը: Սա կարևոր ախտորոշիչ կետ է, որովհետև եթե սեռական խուսափումը գումարվում է ցանկացած սեռական խանգարմանը (վագինիզմ, ԱՍՑ), այն լուրջ խոչընդոտ է հանդիսանում բուժման համար և պետք է լուծվի առաջին հերթին:
Տարբերակումը անց է կացվում`
- հոգեբուժական հիվանդությամբ պայմանավորված ցածր սեռական ցանկության և փսիխոգեն ԱՍՑ-ն միջև,
- ցանկության ախտաբանական իջեցումների և ֆիզիոլոգիական հիպոլիբիդեմիայի միջև:
- ցածր սեռական ցանկության և գենիտալ խանգարումներիª հեշտանքի և գրգռանքի խանգարումների միջև
Դեպրեսիան թերևս ՑՍՑ ամենատարածված հոգեբուժական հիվանդությունն է: Դեպրեսիան դրսևորվում է վեգետատիվ նշանների համախմբովª քնի, սնվելու և լիբիդոյի խանգարումների տեսքով: Կարելի է ենթադրել, որ դեպրեսիվ վիճակներում կենսական հույժ կարևոր ֆունկցիաներիª սնվելու և սեքսի, նյարդային կենտրոնների և հոսքերի ակտիվությունը իջնում է: Սեռական ախորժակի բացակայությունը կարող է դեպրեսիվ վիճակների վաղ նշաններից մեկը լինել, նույնիսկ կարող է ավելի վաղ ի հայտ գալ, քան տրամադրության նշանակալի անկումը: Բնութագրական է, որ դեպրեսիայի ժամանակ էրեկցիան և հեշտանքը խանգարված չեն ընդհանրապես կամ այն աստիճանի ինչպես լիբիդոն: Սեքս-թերապիայի բուժական արդյունավետությունը խիստ ցածր է, երբ լիբիդոյի կորուստը երկրորդային է և պատճառաբանված է դեպրեսիայով: Խանգարման հիմքում ընկած դեպրեսիան պետք է բուժվի առաջնահերթ համապատասխան դեղորայքի և/կամ փսիխոթերապիայի միջոցով: Հաճախ, բայց ոչ միշտ, սեռական ցանկությունը ինքնըստինքյան վերականգնվում է դեպրեսիան բուժելուց հետո:
Ֆիզիոլոգիական հիպոլիբիդեմիա կամ նորմալ ասեքսուալություն, այն վիճակն է, երբ սեռական ցանկությունը իջած է կամ չի առաջանում նորմալ ֆիզիոլոգիական պատճառներով: Այսպիսով ասեքսուալությունը ոչ միշտ է համարվում խանգարում: Արդեն հիշատակվել է, որ որոշ անձանց ցածր սեռական հակումը պայմանավորված է նրանց թույլ սեռական կոնստիտուցիայով: Այս անձինք անհանգստացած չեն իրենց ցածր սեռական պահանջով, քանի դեռ արտաքին հանգամանքները ճնշում չեն գործադրել: Այդպիսի ճնշում կարող է ի հայտ գալ, օրինակ, համեմատաբար բարձր սեռական ցանկությամբ զուգընկերոջ պարագայում կամ երբ ձգտում է առաջանում համապատասխանելու հասարակության կողմից թելադրվող բարձր սեռական հավակնություններին:
Տարբերակումը հեշտանքի և գրգռանքի խանգարումներից: Ցանկության փուլի խանգարումների տարբերակումը գրգռանքի և հեշտանքի փուլի խանգարումներից կարևոր է նրանով, որ մաքուր գենիտալ փուլի խանգարումներով այցելուները, որոնց մոտ պահպանված է սեռական ցանկությունը, բարձր արդյունավետությամբ բուժվում են սեքս-թերապիայի կուրսով: Այն այցելուները, որոնք ունեն նաև սեռական ցանկության խանգարում պահանջում են այլ բուժական ռազմավարություն:
Վերջապես, տեղին չէ բոլոր պոտենցիալ սեռական զուգընկերներին կամ իրավիճակները բավարար համարել սեռական ցանկության դրսևորման համար: Սեռական ցանկության կորուստով ամուսնական զույգերի հետազոտումը հաճախ բացահայտում է, որ զուգընկերները մտածում են, թե պիտի ցանկություն զգան: Մինչդեռ դա անհնար է, քանի որ զույգի միջև պարզապես չկա հոգեբանական ինտիմություն, կամ առկա է ինտելեկտուալ անհամապատասխանություն, կամ նրանցից մեկի հիգիենան դուր չի գալիս մյուսին և այլն: Այս իրավիճակների իռացիոնալությունը նրանումն է, որ նրանք մտածում են թե սեռական ցանկությունը ենթակա է կամքի ազդեցությանը:
ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ Սեռական ցանկությունը կառավարվում է բազմաթիվ կենսաբանական և փորձառության վրա հիմնված գործոններով, ուստի ֆիզիկական և հոգեբանական գործոնների մի ամբողջ շրջանակ կարող է խանգարել նրա նորմալ ընթացքը:
Սեռական ցանկության ֆիզիոլոգիայի պատկերացումը կարող է հիմք հանդիսանալ ցանկության խանգարումները հասկանալու համար: Սեռական ցանկությունը հակում է, որը ծառայում է տեսակի պահպանությանը: Այն առաջացնում է ուժեղ էռոտիկ քաղց, որը մղում է վերարտադրմանը ուղղված, տեսակին բնորոշ վարքային ստերեոտիպերի ծավալմանը: Այն խթանում է մեզ փնտրելու մեր զուգընկերոջը, գրավելու, գայթակղելու, հղիացնելու, հղիանալու:
Լիբիդոն կառավարող նյարդային կենտրոնը նմանատիպ է նյարդային կենտրոններին, որոնք կառավարում են քաղցը, ծարավը և քնի պահանջը: Ինչպես այս հակումները, լիբիդոն ունի իր սեփական նյարդային կենտրոնների և հոսքերի յուրատիպ ցանցը: Այս ցանցի ակտիվության արտացոլանքը սեռական ցանկության վերապրումն է: Այդ ակտիվության բացակայության դեպքում է, որ լիբիդոն բացակայում է:
Այլ հակումների նման, սեռական ցանկությունը կազմակերպված է այնպես, որ այն մշտապես գտնվում է խթանող և արգելակող մեխանիզմների հավասարակշռության ներքո: Երբ գերիշխում են արգելակող կենտրոնները, սեռական ցանկությունը նվազում է, սեռական ցանկության աճ առաջանում է, երբ նյարդային հոսքերը գտնվում են խթանող կենտրոնների ազդեցության տակ: Այս կենտրոնները ունեն լայն կապեր ուղեղի մնացած բաժինների հետ, և այս կապերի շնորհիվ է, որ սեռական ցանկությունը տատանվում է արտաքին և ներքին բազում գործոնների ազդեցության տակ:
Սեռական կենտրոնները և սեռական ցանկությունը զգայուն են հորմոնների և հատկապեսª տեստոստերոնի և ԼՀ-ԽՀ նկատմամբ: Առանց համապատաասխան հորմոնալ միջավայրի դրանք չեն կարող գործել և լիբիդոն կանհետանա: Նմանապես, արտաքին ազդակները, ինչպիսիք են հոտը, տեսքը, ձայնը և շոշափումը, խորապես ազդում են ցանկության վրա: Երևակայությունը հզոր միջոց է, որ կարող է ակտիվացնել կամ արգելակել սեռական ցանկությունը:
Սեռական կենտրոնների կապը ուղեղի այն հատվածների հետ, որոնք պահպանում և մշակում են ինֆորմացիան խիստ զգայուն են դարձնում սեռական ցանկությունը անցյալի նկատմամբ:
Երբեմն սեռական ցանկության ճնշումը կարող է անհրաժեշտ լինել: Սեռական հասունացմանը զուգընթաց մենք սովորում ենք կառավարել սեռական ցանկությունը և արգելակել այն այնպիսի իրավիճակներում, որոնք հղի են բացասական հետևանքներով, իսկ ազատ դրսևորվելու հնարավորություն տալիս ցանկությանը, երբ իրավիճակը “ապահով” է: Փաստորեն ցանկությունը արդյունքն է կենսաբանական արմատներ ունեցող երևույթի, որի ուղղությունն ու ուժգնությունը վերաձևավորվում են անցյալի իրադարձությունների և ներկա իրավիճակի կողմից:
Կլինիկական տեսանկյունից կարևոր է նաև այն փաստը, որ սեռական կենտրոնները խորապես ենթակա են հույզերի ազդեցությանը: Կան իրավիճակներ, որոնց դեպքում սեռական ցանկությունը արգելակվում է բացասական հույզերի ազդեցությամբ: Մենք կենսաբանորեն կառուցված ենք այնպես, որ բացասական կամ “վթարային” հույզերը (վախը և բարկությունը) կապված են ինքնապաշտպանական հակումների հետ և արտոնյալ են այն հույզերի նկատմամբ, որոնք կապված են սերունդաշարունակության հետ: Այսպիսով վախը նորմայում ճնշում է սեռական հակումը, հետևաբար, երբ սեքսուալ բովանդակությամբ իրավիճակը վտանգ է պարունակում իր մեջ կամ “ձեռնտու չէ” ինչ-ինչ պատճառներով, սեռական ցանկությունը ինքնըստինքյան նվազում է: Օրինակ, միանգամայն նորմալ է տղամարդու սեռական ցանկության կորուստը, երբ նա վախենում է, որ ամեն վայրկյան կարող է ներս մտնել իր սիրուհու վրեժխնդիր, ֆիզիկապես իրենից ուժեղ ամուսինը: Կամ երբ կինը գտնելով, որ ինքը կապնված է մի տղամարդու հետ, որը կարող է վատ անդրադառնալ իր կարիերայի վրա, “անջատվում” է սեռապեսª ի պատասխան ակնկալվող վտանգի:
Հույզերի այս հիերարխիան ունի գոյապահպանության արժեք, քանի որ մղում է մեզ խուսափել կամ պաշտպանվել վտանգից: Բայց հարմարողական այս մեխանիզմը կարող է այլ հունով գնալ, երբ “վտանգները” ճշգրիտ չեն մեկնաբանվում: Երբեմն անհատը պատասխան է տալիս երևակայական վտանգին, արձագանքում է անհիմն վախերին, որոնք իրականում գոյություն չունեն: Արդյունքում նրա սեռական հակումը արգելակվում է, ճիշտ այնպես, եթե նրա անկողնում իսկական վագր հայտնվեր: Սա է սեռական ցանկության արգելակման փսիխոֆիզիոլոգիան:
Ցածր սեռական ցանկության պատճառները բաժանվում են երկու մեծ խմբիª
- օրգանական կամ ֆիզիոլոգիական
- հոգեբանական
Ցածր սեռական ցանկության օրգանական պատճառները
Նորմալ սեռական հակումը պահանջում է սեռական կենտրոնների անատոմիական և ֆիզիոլոգիական ամբողջություն: Հետևաբար զարմանալի չէ, որ լիբիդոն հաճախ նվազում է ֆիզիոլոգիական ազդակներին ի պատասխան: Նախքան սեքս-թերապիայի ձեռնամուխ լինելը այս գործոնները պետք է ժխտվեն: ՑՍՑ հետ առավել հաճախ կապված են սուր սթրեսային վիճակները, հոգեակտիվ նյութերի գործածությունը, տեստոստերոնի ցածր մակարդակը, որոշակի հիվանդություններ և վիրահատական միջամտություններ:
Ծանր սթրեսին հակազդման և հարմարվողականության խանգարումները, հոգեբանական ծանր այնպիսի ապրումների դեպքում, ինչպիսիք են աշխատանքի կորուստը, սիրեցյալից բաժանումը, ստիպողական թոշակի անցնելը և այլ, հաճախ զուգակցվում են սեռական ցանկության կորուստով: Կլինիկական դիտարկումները հավաստում են, որ ճգնաժամը կամ սթրեսը բերում են սեռական օրգանների ֆիզիոլոգիական արգելակման:
Հոգեակտիվ նյութերի գործածությունը խախտում է սեռական կենտրոնների պատշաճ գործունեության համար պատասխանատու նյարդային մեդիատորներիª սերոտոնինի և դոպամինի նուրբ հավասարակշռությունը:: Սեռական ցանկությունը իջեցնում են թմրանյութերը, բարձր դոզայի քնաբերները, ալկոհոլը, որոշ կենտրոնական ազդեցության հակահիպերտենզիվներ, այնպիսիք օրինակ, որ ընդգրկում են ռեզերպին կամ մեթիլ-դոպա:
Քանի որ սեռական կենտրոնների ակտիվությունը կախված է տեստոստերոնից, այս հորմոնի ցածր մակարդակը կամ նրա ֆիզիոլոգիական անհասանելիությունը կարող են նվազեցնել սեռական ցանկությունը երկու սեռերի մոտ էլ: Այդ պատճառով ցանկացած պայման, հոգեկան վիճակ կամ դեղորայք, որոնք խախտում են անդրոգենների արտադրությունը ամորձիների, ձվարանների կամ մակերիկամի կողմից կարող են հանգեցնել ՑՍՑ: Տեստոստերոնային սակավության ամենատարածված պատճառներից են տարիքըը, երկարատև սթրեսը, տեստոստերոն արտադրող գեղձի վիրաբուժական հեռացումը կամ հիվանդությունը, էստրոգեն պարունակող հորմոնալ պրեպարատներ, որոնք չեզոքացնում են տեստոստերոնի ազդեցությունը: Տեստոստերոնի ցածր մակարդակը միշտ պետք է ժխտվի, երբ հետազոտության ժամանակ առաջանում է ՑՍՑ օրգանական պատճառագիտության կասկած: Վերջերս կլինիկական դիտարկումները ցույց են տալիս, որ պրոլակտինը նույնպես դեր է խաղում լիբիդոյի խանգարումների գործում:
Ցանկացած հիվանդություն կամ վիրահատական միջամտություն, որ կարող է խախտել սեռական ցանկության նյարդային կենտրոնների անատոմիան և ֆիզիոլոգիան, ինչպիսին է օրինակ երիկամի դիալիզը, կարող են զուգակցվել ցածր լիբիդոյի վիճակով: Այս պայմանները համեմատաբար հազվադեպ են հանդիպում, բայց որոշ դեպքերում խաղում են էական դեր և չեն կարող անտեսվել: Նույնպես, որոշ ուռոլոգիական, գինեկոլոգիական հիվանդություններ բերում են նրան, որ սեռական ակտիվությունը կորցնում է իր հաճույքածին կողմը կամ ուղեկցվում է անհարմարավետության զգացումով, նույնիսկ ցավով: Նմանատիպ հանգամանքներում ցանկության երկրորդական կորուստը և նույնիսկ սեռական փախուստի զարգացումը օրինաչափ են:
Արգելակված սեռական ցանկության հոգեբանական պատճառները
Երբ այցելուի սեռական հակումը կոնստիտուցիոնալ ցածր է կամ առկա է տեստոստերոնի պակասություն կամ դեպրեսիա, այսինքն բոլոր այն դեպքերում, երբ սեռական կենտրոնները հիպոակտիվ են ֆիզիոլոգիական պատճառով, սեռական ցանկությունը ցածր է, որովհետև այն չի ստեղծվում: Ի տարբերություն դրա, ԱՍՑ դեպքում լիբիդոն ցածր է, որովհետև այն ակտիվորեն, թեև անգիտակից կերպով և ոչ կամովին, ճնշվում է հոգեբանական կոնֆլիկտի հիման վրա: Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ լիբիդոյի հոգեբանական խանգարումները ավելի տարածված են, քան խանգարման սիմպտոմատիկ ձևերը, որոնք հետևանք են ֆիզիոլոգիական պաճառների:
Որոշ այցելուներ այնպես ուժեղ են պաշտպանվում իրենց սեռական ցանկությունից, որ ակտիվորեն խուսափում են ցանկացած իրավիճակից, որ կարող է հարուցել սեռական ցանկություն: Այսպիսի այցելուները չեն կարդում էռոտիկ գրականություն, չեն նայում էռոտիկ ֆիլմեր: Նրանք երբևէ չեն քննարկում էռոտիկ թեմաներ և նույնիսկ կարող են անհարմար զգալ, երբ խոսակցությունը կամ կատակը ունի էռոտիկ երանգավորում: Նրանք կարող են խուսափել պոտենցիալ զուգընկերոջ հետ շփումից և հեռանալ ֆիզիկական կապից խուսափելու համար: Այլ այցելուներ այնքան լավ են սովորել կառավարել իրենց սեռական ցանկությունը, որ կարիք չունեն խուսափելու էռոտիկ գրգիռներից, որոնք նորմայում առաջացնում են սեռական ցանկություն: Երբեմն նրանք ունակ են ճնշելու սեռական ցանկությունը նույնիսկ ամենատանջալից գայթակղությունների դեպքում:
Արգելակված սեռական ցանկությամբ այցելուների հոգեբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ հիվանդության անմիջական պատճառը հենց իրª այցելուի կողմից իր սեռական ցանկության ակտիվ ճնշումն է, որը թերևս անգիտակից գործընթաց է և կատարվում է նրա կամքից անկախ:
Այցելուներից շատերը հակված են ճնշելու իրենց ցանկությունը առաջ բերելով բացասական մտքեր կամ թույլ տալով այդ մտքերին ազատորեն ներխուժելու իրենց գիտակցություն այն ժամանակ, երբ իրենք ունեն սեռական մերձեցման հնարավորություն: Նրանք սովորել են իրենց մոտ առաջացնել բացասական հուզական վիճակներª ընտրողաբար կենտրոնացնելով իրենց ուշադրությունը այնպիսի մտքի վրա, վերականգնելով այն հիշողությունը կամ թույլ տալով այն ասոցիացիաների հայտնվելուն, որոնք կրում են բացասական արժեքականություն: Այս եղանակով նրանք դառնում են բարկացած, վախեցած կամ մտացիր, և այպես շարժման մեջ դնում բնական արգելակող ֆիզիոլոգիական մեխանիզմները: Սեռական ցանկությունը ճնշվում է, երբ պահը հարմար է և ծառայում է հենց անձի օգտին: Այլ խոսքերով ասած, սեռական ցանկությունը ճնշվում է, որովհետև անհատը վտանգի մեջ է կամ հայտնվել է ճգնաժամում:
Հարուցված տեսարանների, ասոցիացիաների և ընկալումների տեսականին ընտրվում է շնորհիվ իրենց “անջատիչ” ներուժիª անկախ նրանց բովանդակային յուրատիպության: Այցելուն ընտրողաբար կենտրոնացնում է իր ուշադրությունը զուգընկերոջ արտաքինի որևէ անհրապույր գծիª մեծ փորի, անխնամ մազերի, շնչառության կամ սեռական օրգանների հոտի վրա և այլն: Վերջիններս սեռական կենտրոնների համար ծառայում են իբրև յուրատիպ “անջատիչներ”: Գործի կարող են դրվել նաև հիշողություններª զուգընկերոջ երբեմնի անընդունելի վարքը կամ անցյալում հասցրած վիրավորանքները: Այլ անձիք սեռական մերձեցմանը տրամադրող պայմաններում իրենց էռոտիկ տրամադրությունը կառավարելու նպատակով հիշողության մեջ վերականգնում են ոչ էռոտիկ հանգամանքներ: Աշխատանքը, երեխաները և փողային հոգսերը այդ պարագայում օգտագործվող ամենասովորական “անջատիչներն են”:
Կարելի է ենթադրել, որ սեռական ցանկության բացարձակ արգելակումների դեպքում այցելուների մոտ բոլոր տեսակի էռոտիկ զգացողությունները տագնապի աղբյուր են և հարուցում են դրանցից պաշտպանվելու անհրաժեշտություն: Բոլոր սեքսուալ բովանդակությամբ իրավիճակները առաջացնում են բացասական մտքեր և ասոցիացիաներ: Երբ ցանկության ճնշումը իրավիճակային է, միայն որոշակի իրավիճակներ են առաջ բերում սեռական կոնֆլիկտ և հարկադրում այցելուին գործի դնելու “անջատման” մեխանիզմները:
Այս բացասական մտքերը սեռական երևակայություններին հակառակ դեր են խաղում: Ի տարբերություն դրանց սեռական երևակայությունները օգտագործվում են սեռական ցանկությունը բարձրացնելու և տագնապը թուլացնող ներուժ ունեն: Էռոտիկ երևակայությունը հեշտացնում է սեռական նյարդահոսքերը և պաշտպանում դրանք բացասական ազդեցություններից, որոնք կարող են անջատել այն: Վերոնշյալ բացասական մտքերը ճիշտ հակառակ ուղղվածությունն ունեն, դրանք “բացում են այն փականները”, որոնք արգելակում են ճնշող նյարդահոսքերի մուտքը:
Անձը, որի հոգեկանը սեռական կյանքի շուրջ կոնֆլիկտներից ազատ է, վարվում է հակառակ արգելակված անձի, նա թույլ չի տալիս բացասական մտքերին և զգացմունքներին կամ շեղիչ այլ գործոններին գրոհելու իր սեռական հաճույքի դեմ:
Որոշ անձիք ունեն սեռական հաճույք ստանալու չափազանց նեղ շրջանակի պահանջներ: Այսպիսի անձանց կարող են սեռապես գրգռել միայն խիստ յուրատիպ զուգընկերներ: Այս հանգամանքը ունի հարմարողական նշանակություն, եթե դուրս չի գալիս որոշակի սահմանից, երբ արդեն ոչ մի զուգընկեր այլևս չի համապատասխանում նրանց պահանջներին: Դա կարող է վկայել այն մասին, որ տվյալ անձի մոտ առկա է թաքնված սեռական կոնֆլիկտ:
Այլ անձիք ունակ են պատասխանելու ավելի բազմաբնույթ զոըգընկերների, նրանք պակաս բծախնդիր են, միշտ գտնում են զուգընկերոջ որևէ դրական կողմ, որը բավարար է նրանց հետ հարաբերություններ հաստատելուն և իրենց պահանջները բավարարելուն:
Այսպիսով անհատը սովորաբար չի գիտակցում այն ակտիվ դերը, որ խաղում է հենց ինքը իր արգելակումների մեջ: Այս գործընթացը ըստ երևույթին ընթանում է անգիտակցականում և ենթակա չէ կամքի ազդեցությանը: Փաստացի, այցելուները հակված են իրենց տեսնելու զոհի դերում: Նրանք չեն պատկերացնում, որ այդ իրենք են ակտիվորեն հարուցում կամ թույլատրում ներխուժելու բացասական արգելակող մտքեր:
Եթե ԱՍՑ-ն անմիջական պատճառը յուրահատուկ է և ներառում է սեռական ցանկության անգիտակից ճնշումը բացասական մտքերի կիրառմամբ, ապա խորքային պատճառները, որոնք գործի են դնում այս յուրահատուկ հոգեբանական մեխանիզմը հեռավոր կոնֆլիկտներն են սեռական կյանքի շուրջ:
Կան խորքային մակարդակով գործող բազմաթիվ պատճառներ, որոնք դարձնում են սեռական կյանքը վտանգավոր կամ անցանկալի: Հավանաբար չկա որևէ սպեցիֆիկ բովանդակությամբ անգիտակից կոնֆլիկտ, երևակայություն կամ զարգացման խանգարում, որ կարող է սեռական ցանկության անմիջական արգելակման պատճառի հիմքում լինել: Ներհոգեկան, ինչպես նաև միջհոգեբանական բազմաթիվ գործոններ կարող են նպաստել սեռական ցանկության արգելակման:
Նշված բազում պատճառները, որ ընկած են ցանկության խանգարման պատճառածագության հիմքում առաջացնում են վախի կամ տագնապի զգացողություն, որի դեմ էլ ուղղված է հոգեբանական պաշտպանական արգելակումը: Ըստ ուժգնության և խորության աստիճանի տարբերում ենª
- Տագնապի մեղմ աղբյուրներ
Ինչպես արդեն նշվել է ԱՍՑ հետ կապված տագնապի աղբյուրները ավելի ուժգին կամ խորքային բնույթ են կրում: Սակայն, լինում են դեպքեր, երբ ցանկության արգելակումը հետևանք է ավելի մեղմ և հաճախ հեշտությամբ գիտակցվող տագնապի
ա) “իրագործման տագնապ” (performance anxiety),
բ) հաճույքի անլիարժեքության կանխատեսում
գ) սեռական կյանքի և հաճույքի նկատմամբ թեթև մնացորդային մեղքի առկայություն:
Փոխանակ տագնապահարույց անհաջողությանը երես առ երես կանգնելու, անձը անգիտակից կերպով “ընտրում է” ընդհանրապես ոչինչ չզգալու տարբերակը: Կրկնվող տհաճ, չբավարարող սեռական փորձառությունը, հատկապես երբ զուգընկերը հաճույք է ստանում, կարող է, միառժամանակ հետո հանգեցնել ցանկության կորստի: Այպիսի իրավիճակ ստեղծվում է հատկապես կանանց մոտ, երբ սիրախաղը հապճեպ է, զուգընկերը ուշադիր չէ իր պահանջների նկատմամբ կամ չափից ավելի ուղղորդված է դեպի կնոջ հեշտանքը: Այսպիսի դեպքերում կինը նախատեսում է հուսախաբություն և չի տեսնում իրավիճակից դուրս գալու որևէ այլ ելք: Հաճախ նա զգում է, որ դա իր “մեղքն է” և չի փնտրում իրենը հաստատելու կամ այդ վիճակից դուրս գալու ուղիներ: Անգիտակցորեն նա գերադասում է “հրաժարվել” ցանկություն զգալուց, քան թե նորից հիասթափվել: Սրան հասնելու համար, յուրաքանչյուր անգամ, երբ սեռական մերձեցման փորձ է արվում, նա հիշողության մեջ թարմացնում է բացասական իմաստ կրող հուշեր և մտքեր:
Այս խմբի մեկ այլ պատճառ, որ կարող է ԱՍՑ առաջացնել, զուգընկերոջ սևեռումն է սեռականությանը, այս դեպքում զուգընկերոջ ճնշող վարքը առաջացնում է այնպիսի բացասաական զգացողություններ, որ ցանկությունը անհետանում է: Այս խմբից են նաև թեթև մեղքի զգացումը, մանկության հակասեքսուալ դիրքորոշումների մնացուկներ հանդիսացող արգելակումները և զգուշավորությունները, որոնց հիմքում ընկած են մշակութային արմատներ: Երբ սեքսի ժամանակ այս հիշողությունները արթնանում են, ցանկությունը անմիջապես կարող է ճնշվել:
- Տագնապի միջին խորության աղբյուրներª անգիտակից վախ հաջողությունից կամ ինտիմությունից
Ավելի բնորոշ է, որ ԱՍՑ-ը կապված է խորը և բարդ հոգեկան խնդրի հետ: Տպավորիչ է այն հաճախականությունը, որով անգիտակից վախը անհաջողությունից կամ հաճույքի բացակայությունից պատճառ են հանդիսանում ցանկության խանգարման: Հատկապես այն խճճված դեպքերում, երբ թվում էª զույգի գերազանց փոխհարաբերությունները և կատարյալին մոտեցող զուգընկերը, սեռական ներդաշնակության կայացման հուսալի գրավական են, ռոմանտիկ հաջողության անգիտակից վախը սեռական “անջատման” պատճառ է հանդիսանում: Սեռական հաճույքը զուգընկերոջ հետ, որին նրանք բարձր են գնահատում և սիրում են ամենայն անկեղծությամբ, “չափից դուրս շատ է” նրանց համար: Դա հոգեբանորեն “ապահով” չէ և այդ պատճառով նա “չի ուզում” սեռական ցանկություն զգալ և բացասական մտքերով ճնշում է իր սեռական ցանկությւոնը:
Վախը ինտիմությունից նունպես կարող է ԱՍՑ առաջացնել: Երբեմն թվում է, թե մեր մշակույթում մարդիկ ավելի շատ վախենում են ինտիմությունից քան սեքսից: Ինտիմության ֆոբիայով անձիք չեն վախենում էռոտիկ հաճույքից, նրանք վախենում են խոր և ինտիմ կապվածությունից: Նրանք կարող են լավ սեքս ունենալ իրենց հարաբերությունների սկզբում, նախքան ինտիմության հասնելը, բայց կորցնում են սեռական ցանկությունը, երբ կապվածությունը զուգընկերոջ հետ հասնում է որոշակի խորության:
- Տագնապի խորը աղբյուրներ
Ցավոք սրտի սեռական ցանկության արգելակման անգիտակից արմատները հաճախ գտնվում են խորը և բարդ ներհոգեկան կոնֆլիկտների և միջանձնային փոխհարաբերությունների հիմքում: Կան տարբեր հիպոթեզներ, որոնք փորձում են բացատրել այս խնդիրը: Բավական երկարատև այն ուսումնասիրվել է հոգեվերլուծության տեսանկյունով և տրվել է լիբիդոյի խանգարման վերլուծական բացատրություն, որը նմանատիպ է իմպոտենցիայի առաջացման մեխանիզմին: Այս հանգամանքը կարելի է հասկանալ այդ ժամանակներում սեռական ցիկլի միաֆազ դիտարկման փաստով: Հոգեվերլուծական տեսությունը պնդում է, որ անգիտակից վախն է կաստրացիայից, որ ակտիվանում է էդիպյան բարդույթով անձի հոգեկանում, երբ նա բախվում է սեռական կյանքի հետ հասուն տարիքում: Այս անձիք հակված են առաջացնելու ախտաբանական և պարզունակ ծնողական արտացոլումներ, որը ճնշում է նրանց սեքսուալ ինքնադրսևորումը տարբեր աստիճանի: Ամուսինը դառնում է “հայրիկը”, որի հետ սեքսը արգելված է: Կինը դառնում է “մայրիկը”, ով օրենքով պատկանում է հայրիկին: ԱՍՑ-ը այս դեպքերում պաշտպանություն է ինցեստից:
Կլինիկական դիտարկումները ցույց են տալիս, որ այս դեպքերում որոշ այցելուների սեռական ցանկությունը ճնշվում է, որովհետև նրանք «չեն ուզում» սեռական ցանկություն զգալ “անապահով» պայմաններում, քանի որ դա հղի է երևակայական մրցակիցների կողմից վնաս կրելու վտանգով:
Նարցիսիզմով այցելուների հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ խանգարված է վաղ հուզական զարգացումը, սիրահարվելու և սիրո պահպանման ունակությունը հասուն տարիքում նունպես խանգարվում է: Այսպես հայտնաբերվել է, որ դեռևս էդիպյան բարդույթից առաջ երեխան առաջացնում է “հոգեկան ներառումներ» ծնողների հետ նրա փոխհարաբերությունների ընթացքում: Ներառումն այնպիսի պաշտպանություն է, երբ անձը ենթագիտակցորեն յուրացնում է ուրիշի հատկությունները, գաղափարներն ու զգացմունքները: Երեխայի հասունացմանը զուգընթաց “հոգեկան ներառումները” ներգրավվում են նրա հոգեկանի կառուցվածքում: Ցանկության խանգարումները հետևանք են ներգրավված “հոգեկան ներառումների” կիրառման խնդիրների:
Զայրույթը նույնպես սեռական ցանկության խանգարման լայն տարածված պատճառներից է: Զայրույթը այն վերջնական միջոցն է, որով բազում խորքային պատճառներ գտնում են իրենց իրականացման ուղին և ճնշում սեռական ցանկությունը: Տագնապի նման զայրույթը կարող է տատանվել ըստ խորության և ուժգնության: Եվ այսպես, դատարկ վիճաբանությունը կամ սովորական ջղագրգռությունը, որոնք կարող են ՙանջատել՚ սեռական զգացմունքները, ՙսառցալեռան ընդամենը գագաթն են՚:
Զույգի մեջ մղվող պայքարը իշխանության համար կամ ՙպայմանագրային հիասթափությունները՚ կարող են համարվել զայրույթի առաջացման միջին ուժգնության պատճառներ և արգելակել սեռական զգացմունքները:
Զայրույթի ամենալուրջ ակունքները ընկած են ինֆանտիլ արտացոլանքների մեջ: Տղամարդը բարկանում է, որովհետև իր կին-մայրը լավ չի ՙկերակրում՚ իրեն, քիչ է տալիս, և վատթարագույնըª գերադասում է ուրիշներինª եղբայրներին կամ հայրիկին: Կինը զայրանում է, որովհետև ամուսին-հայրը անտեսում է իր կարծիքը գործնական որոշումներում, չափազանց խիստ ու թելադրող է կամ սպառնում է իրեն լքելով:
Անկախ զայրույթի աղբյուրից անհնար է սեռական ցանկություն զգալ ՙթշնամու՚ նկատմամբ: Զայրույթը և սերը փոխադարձ բացառող զգացմունքներ են: Եթե սիրում ես մեկին զայրույթը վայրկենապես անհետանում է, վիրավորանքը հեշտորեն ներվում և մոռացվում է, ջերմ հարաբերությունների վերսկսման և մոտիկության հաստատման պատրաստակամություն է հայտնվում: Ընդհակառակը, երբ զայրացած ես ինչ-որ մեկի վրա և ուզում ես վնասել նրան, անհանարին է սեռական ցանկություն ունենալ նրա նկատմամբ: Հոգեկան անջրպետ է առաջանում զույգի միջև: Անցյալի վատ հիշողություններն են արթնանում: Զայրացած զուգընկերը դիմադրում է տալ և վերցնել հաճույքը: Զուգընկերները, որոնք գտնվում են իշխանության համար պայքարի մեջ չեն ուզում մոտիկ և ինտիմ հարաբերություններ: Կասկածամիտ զուգընկերը չի ուզում իրեն խոցելի դարձնել, քանի որ սեռական անկաշկանդվածությունը, որը տանում է դիմադրության թուլացման և հաճույքի ուժեղացման, ծնում է խոցելության խորը զգացում: Ավելի ապահով է արգելափակել սեռական ցանկությունը:
ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ
Բուժման խնդիրներն են ձևափոխել այցելուի հակվածությունը ճնշելու իր էռոտիկ գռգիռները և թույլատրելու այս զգացմունքներին երևան գալու բնականորեն, առանց ջանքերի, ինչպիսին է առողջ, կոնֆլիկտից զուրկ անձանց մոտ: Այցելուն պետք է սովորի չպայքարել գրգռվելու և ցանկանալու իր բնական պահանջի դեմ:
Այս խնդիրները լուծելու համար կիրառվում է փորձարարական հանձնարարությունների և հոգեթերապևտիկ սեանսների համատեղ կիրառում: Փսիխոսեքսուալ թերապիան զուգակցում է վարքային թերապիայի հետª դրան ցույց տրվող դիմադրության փսիխոթերապևտիկ բացատրության հետ:
ԱՍՑ այցելուները դժվար թե բուժվեն, եթե չլուծվի դրա հիմքում ընկած կոնֆլիկտը, միչև անձը չհասկանա, թե ինչու նա սեռական կյանք ունենալ չի ուզում: Այսպիսով հուզական կոնֆլիկտների ուսումնասիրությունը, որ նպատակ ունի հոգեկանի ներքին կառուցվածքը հասկանալու, բուժման հիմնական մոտեցումն է:
ՍԵՌԱԿԱՆ ԶԶՎԱՆՔ /ԱՎԵՐՍԻԱ/
Սեռական զզվանքը հիմնականում կանանց մոտ հանդիպող վիճակ է: Այն կնոջ ծայրաստիճան բացասական վերաբերմունքն է սեռական հարաբերությանը կամ սեռական կյանքին ընդհանրապես:
Այն կարող է պայմանավորված լինել զուգընկերոջ մոտ այս կամ այն սեռական խանգարման հետևանքով տևական սեռական անբավարարվածությամբ, զուգընկերների սեռադերային դիրքորոշումների անհամապատասխանությամբ, սիրո բացակայությամբ, սեռական հարաբերության մոտիվացիաների տարանջատմամբ:
Տարբերում են սեռական ավերսիայի զարգացման 3 փուլ. (А.К.Агишева, 1998).
Առաջին փուլում զուգընկերների միջև սեռական հարաբերությունները կրում են ձևական բնույթ, այսինքն կինը հարաբերություն է ունենում ամուսնական պարտքից դրդված: Այս դեպքում դիտվում է սեռական ակտիվության իջեցում, սեռական հարաբերության ժամանակ կնոջ խիստ պասիվ վարք, ի վերջո փսիխոսեքսուալ անբավարարվածություն:
Երկրորդ փուլում սեռական հարաբերությունները արդեն կրում են բացասական իմաստ: Կինը օգտագործում է ցանկացած առիթ սեռական հարաբերությունից խույս տալու համար և նույնիսկ հնարավոր է ընդհանրապես հրաժարվի կենակցումից: Նրա մոտ զարգանում է ալիբիդեմիա, սեռական հիպեսթեզիա կամ անեսթեզիա և անհեշտանքիա, երբեմն կարող է ձևավորվել կոիտոֆոբիա:
Սեռական ավերսիան իր զարգացման առաջին և երկրորդ փուլում ունի հարաբերական բնույթ, այսինքն դրսևորվում է միայն տվյալ զուգընկերոջ հետ: Երրորդ փուլում կանանց մոտ ի հայտ է գալիս զզվանք հանդեպ հակառակ սեռին և սեռական կյանքին ընդհանրապես: Այս փուլում, ի տարբերություն նախորդ փուլերի, սեռական ավերսիան կրում է բացարձակ բնույթ:
Սեռական ավերսիան կարող է պայմանավորված լինել ինչպես գիտակցված, այնպես էլ չգիտակցված մեխանիզմներով: Սեռական ավերսիայի դրսևորման աստիճանը կախված է մի կողմից զագացման փուլից, մյուս կողմից փսիխոգեն գործոնների ներգրավվածության աստիճանից: Զուգընկերների ցածր ընդհանուր և սեռական կուլտուրան ինչպես նաև պլատոնիկ և Էրոտիկ լիբիդոյի ցածր մակարդակը կամ ընդհանրապես բացակայությունը նպաստում է սեռական ավերսիայի զարգացմանը:
Տվյալ սեռական խանգարմամբ կանանց մոտ հնարավոր է լինի վաղաժամ կամ ուշացած սոմատոսեքսուալ զարգացում, բայց առավել հաճախ հանդիպում են հոգեսեռական զարգացման խանգարումներ, հատկապես ուշացած կամ համակցված ձևերը: Մոտ 1/3 կանանց մոտ նկատվում է նաև սեռադերային վարքի խանգարում` տրանսֆորմացիայի ձևով: Սեռական կոնստիտուցիան հիմնականում թույլ է, սակայն հնարավոր է նաև միջին կամ ուժեղ լինել:
Սեռական ավերսիայի ժամանակ կանանց մոտ ախտահարված է հիմնականում սեռական առողջության սոցիալ-հոգեբաանկան և ավելի քիչ հոգեբանական կոմպոնենտը:
Ինչպես արդեն նշվեց սեռական ավերսիան զարգանում է աստիճանաբար և դրսևորվում է սեռական ցանկության իջեցմամբ և անհեշտանքիայով, սակայն ուժեղ սեռական կոնստիտուցիայով կանանց մոտ երբեմն հոգեբանական ավերսիան չի ուղեկցվում սեռական ավերսիայով:
ԳԵՐԱԿՏԻՎ ՍԵՌԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Սեռական ցանկության ավելցուկը, իբրև ինքնուրույն հանդիպող ախտանիշ հազվադեպ և կլինիկական հետաքրքրություն հարուցող է: Կանանց սեռական ցանկության գերակտիվությունը անվանում են ՙՆիմֆոմանիա՚, տղամարդկանց համապատասխան վիճակըª ՙԴոն Ժուանիզմ՚:
Սեռական ցանկության գերակտիվությւոնը պետք է տարբերակել բարձր սեռական ակտիվությունից, որը հանդիպում է մանիակալ և հիպոմանիակալ վիճակներում:
Կոմպուլսիվ և օբսեսիվ սեռական վիճակները նույնպես պետք է տարբերակվեն իսկական գերակտիվ սեռական ցանկությունից: Սեռական օբսեսիաները-կպչունություները- լայն տարածված են: Կան շատ այցելուներ, որոնք գերմտահոգված են իրենց սեռականությամբ և զբաղվում են ձեռնաշարժությամբ օրվա մեջ մի քանի անգամ: Սակայն մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նմանատիպ այցելուները չեն զգում մշտական կամ կայուն սեռական ցանկություն: Ընդհակառակը նրանք մեծ տագնապ են ապրում և փնտրում են սեռական ակտիվության պատճառած անհարմարավետությունից ձերբազատվելու ուղիներ: Բոլոր կոմպուլսիվ վիճակներում տագնապի զգացումը ուժգնանում է, երբ փորձ է ձեռնարկվում կանխելու կոմպուլսիվ վարքը: Իսկապես, այս այցելուները տագնապի ներհոս են ապրում, երբ նրանք ներգրավված չեն ֆիզիկական խթանման կամ գայթակղեցման մեջ: Սեռական ակտիվությունը, որ ծառայում է նրանց լարվածությունը թուլացնող միջոց կոմպուլսիվ վարք է և ոչ թե գերբարձր սեռական ցանկություն: