Հաճախ միջսեռային հարաբերություններում դժվարություն ունեցեղ մարդիկ չեն կողմնորոշվում` ով ավելի օգտակար խորհուրդ կտա իրենց` հոգեբա՞նը, թե՞ բժիշկ-սեռաբանը, այսինքն` սեքսոլոգը: Սովորաբար ընդունված է, որ բժշկին այցելում են այն դեպքերում, երբ, կոպիտ ասած, ինչ-որ տեղդ ցավում է: Սեռական խնդիրների և սեռային հարաբերությունների հարցում պատկերը մի փոքր այլ է: Քանի որ միջսեռային դժվարությունները մարդուն հոգեկան տառապանք են պատճառում, նա հաճախ մտածում է, որ իր խնդիրը հոգեբանական է և օգնության է դիմում հոգեբանին: Եվ իրոք, շատ դեպքերում հոգեբանը մեծ արդյունավետությամբ օգնում է հաղթահարել անինքնավստահությունը, անլիարժեքությունը, օգնում է բարձրացնել ինքնագնահատականը:
Սակայն, գոյություն ունի այն սխալ պատկերացումը, որ եթե միջանձնային հարաբերություններում ամեն ինչ կարգին է, այսինքն՝ զույգի միջև առկա է փոխադարձ հասկացողություն, սեր և հարգանք, ապա նրանց սեռական կյանքում ամեն ինչ կարգին է:
[show_more more=»Կարդալ ավելին» less=»Փակել» align=»right»]
Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ իրականությունը բոլորովին այլ է: Բժիշկ-սեքսոլոգին դիմում են բազմաթիվ զույգեր, որոնք ունեն շատ ջերմ հարաբերություններ, սիրում և փայփայում են միմյանց, բայց փաստացի, անկողնում ոչինչ չի ստացվում: Սիրո զգացումի առկայությունը գուցե և պարտադիր պայման է սեռական մերձեցման համար, սակայն միայն սերը բավարար չէ:
Սեռական հարաբերություններում և, հատկապես սեռական ակտի ընթացքում, բացի հոգեկան գործընթացներից, մասնակցում են նաև մի շարք ֆիզիոլոգիական մեխանիզմներ: Սեռական ցանկության առաջացումը, սեռական գրգռումը և օրգազմն ունեն իրենց մարմնական հիմքը: Այստեղ անհրաժեշտ է նյարդային միջնորդանյութերի, անոթների, հորմոնների, մկանների համատեղ և ներդաշնակ համագործակցություն, որպեսզի սեռական հարաբերությունն անխափան ընթացք ունենա՝ ցանկության առաջացումից մինչև օրգազմ: Ֆիզիկական տարաբնույթ շեղումները, որոնք հաճախ տեսանելի չեն, խափանում են սեռական ֆունկցիայի ֆիզիոլոգիան, որն էլ իր հերթին արժանանալով մարդու ոչ առողջ մեկնաբանությանը` բերում է բացասական հույզերի առաջացման և վերոնշյալ ֆիզիոլոգիական շեղումների ամրապնդման:
Հոգին ու մարմինը համատեղ են գործում և այս միասնությունը հատկապես ակնհայտ և ընդգծված է մարդու սեռական գործառույթի մեջ։ Մարդու բոլոր սեռական խանգարումները կամ դժվարությունները հոգեմարմնական բնույթ ունեն:
Սեռական դժվարությունների և հոգեսեռական անբավարարվածության զգացումը պետք է գիտակցվի զույգերի կողմից և կարևորվի իբրև խնդիր, քանի որ այն դառնում է ոչ միայն հարաբերությունների քանդման, այլ նաև մարմնական հիվանդությունների առաջացման պատճառ և նպաստում է կյանքի որակի իջեցմանը:
Ուստի մի վարանեք դիմել օգնության, եթե առկա են անգամ թեթև խնդիրներ։ Պրոֆեսիոնալ օգնությունն այս հարցում անգնահատելի բարիք կբերի ձեր ինտիմ կյանքում, հարաբերություններում և կյանքի մյուս բոլոր ոլորտներում։
[/show_more]