Հարգելի բժիշկ ես արդեն 20 օր է ինչ ամուսնացած եմ, բայց սեռական հարաբերություն տեղի չի ունենում (կուսազրկում), որի պատճառը իմ լարվածությունն է, շատ եմ լարվում և առնանդամը չի ներթափանցում, ես նախապես տրամադրվում եմ, որ չլարվեմ, սակայն դա ներքուստ է ստացվում, խնդրում եմ կարող եք ասել ինչն է պատճառը, ինչ կարող եմ անել:
Բարև ձեզ, սեռական հարաբերությունից առաջ ինձ մոտ տեղի է ունենում հեշտոցամուտքի մկանի կծկում, ուղեկցվում է ցավով, որը անհնարին է դարձնում սեռական հարաբերությունը. կարդալով ինտերնետում բազմաթիվ նյութեր, հասկացա, որ ինձ մոտ վագինիզմ է և հարկավոր է դիմել մասնագետի, և արդեն մեկ ամիս է ինձ չեմ կարող պատրաստել մասնագետի այցելելուն, կասե՞ք ինչպես է բուժվում վագինիզմը, ինչքա՞ն ժամանակում և ուզում եմ հասկանալ դեղորայքային բուժում է:
Շատ եմ խնդրում պատասխանեք հարցիս: Ես արդեն համարյա երկու տարի է ամուսնացած եմ, ունեմ երեխա, բայց մենք չենք կարողանում սեռական հարաբերություն ունենալ: Հղիացա կարծես հրաշքով, նույնիսկ արյուն չեկավ առաջին անգամ: Հղիության ժամանակ, ներզննումի ժամանակպարզվեց, որ վագինիզմ է մոտս: Ահավոր էր ռեակցիաս ներզննման ժամանակ: Հիմա կարծես ամուսնուս մոտ ևս առաջացել են կոմպլեքսներ: Այժմ ինձ հավաքում եմ, տրամադրվում ու պատրաստ եմ լինում ակտին, սակայն չի ստացվում: Վերջին ժամանակներում էլ կարծես վաղաժամ է գալիս սերմնահեղուկը ու դարձյալ ակտ չի լինում: Մի խոսքով, հարաբերություն չենք ունեում: Օգնեք, խնդրում եմ չասեք դիմեք մասնագետի՝ չեմ կարող ամուսնուս համոզել: Ես ուզում եմ, որ այսպես գոնե ինձ օգնեք, խորհուրդ տաք: Շա՜տ շնորհակալություն:
Բոլոր այս հարցադրումները վերաբերում են սեքսոլոգիական մի խնդրի, որը կոչվում է վագինիզմ: Սա հոգեմարմնական խնդիր է, որին բնորոշ է ներթափանցման և ցավի հանդեպ անվերահսկելի վախի զգացումը: Սեռական ակտի ամեն փորձ կատարելիս հայտնվում է վախ և տագնապային լարվածություն, որն աստիճանաբար դառնում է անվերահսկելի ու խորանալով հաճախ վեր է ածվում խուճապի գրոհի:
[show_more more=»Կարդալ ավելին» less=»Փակել» align=»right»]
Նախ պետք է նշել, որ վախը մարդու կյանքում ունի շատ կարևոր դերակատարում: Այն մեր գոյապահպանության բնազդի գործիքն է: Բոլոր այն իրավիճակները, որոնք կյանքին սպառնացող վտանգ են կրում, ուղեկցվում են վախի զգացումով, որն ահազանգում է այդ վտանգի ու նրա լրջության մասին: Օրինակ՝ վախի շնորհիվ մենք կեր չենք դառնում գիշատիչ կենդանիներին, վայր չենք ընկնում բարձր հարկերից, չենք ուտում թունավոր սնկեր, անզեն չենք շրջում թշնամու տարածքում:
Այնուհանդերձ, պետք է իմանալ, որ բացի այս բնազդային վախից, կա վախի մի ուրիշ տեսակ, որը ոչ թե հարմարողական, այլ ախտաբանական բնույթ ունի և դրա վառ օրինակը սեքսուալ վախերն են, մասնավորապես ներթափանցումից ցավ ապրելու վախը: Սա կապված է սեռական կյանքի կամ տղամարդկանց հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքի հետ, որը սերմանվել է դեռևս մանկապատանեկան տարիքում: Մեզ հաճախ են ասել. «կօգտագործեն ու կթողեն, իրենց ուզածը միայն այդ է, դրանից հետո կհիասթափվեն» կամ «կուսազրկումը սարսափելի ցավոտ է, արյան հեղեղ է լինելու, շտապ օգնության կարիք կլինի, որպեսզի դրանից հետո ուշքի բերեն» Այս և նմանատիպ պատկերացումները ստեղծում են բացասական վերաբերմունք սեռական կյանքի հանդեպ և շատ բնական է ու միանգամայն հասկանալի, որ սեռական ինտիմության կիզակետում աղջիկը վախենում է և նույնիսկ սարսափի զգացում է ապրում: Տվյալ դեպքում մենք գործ ունենք մտային պատկերներով ստեղծված վախի հետ: Այստեղ հստակ պետք է գիտակցել, որ վախի և տագնապի զգացումները օդից չեն հայտնվում, այլ դրանց հիմքում ընկած են, իհարկե չգիտակցվող, աղավաղված պատկերացումները: Այլ կերպ ասած, վախը և տագնապը մտային պատկերացումների հետ նույնացման արդյունքն են:
Վախի պատճառով կուտակվող նյարդամկանային լարվածությունն ի վերջո հանգեցնում է ինտիմ կյանքի անհնարինության: Ակամա կծկվում են որովայնի և փոքր կոնքի հատակի մկանները, ոտքերի մկանները, հեշտոցամուտքի մկանները: Սա պաշտպանական ռեակցիա է ընդդեմ վտանգ սպառնացող իրավիճակի: Մարմինն այդ պահին կարծես թե պաշտպանվում է անտեսանելի թշնամուց` տապալելով թշնամու առաջխաղացումը: Սա կարգավորվում է նյարդային համակարգի վեգետատիվ հատվածով, որն աշխատում է անկախ մեր քմահաճույքից և տրամադրությունից: Ինչքան էլ աղջիկը հասկանում է, որ վախի հիմքում իր թյուր պատկերացումներն են ու ոչ իրատեսական սպասումները, միևնույնն է, չի կարող համոզել իր վեգետատիվ նյարդային համակարգին, որ սա գործառի իր հասկացածի հիման վրա, քանի որ ախտաբանական ռեակցիաներն արդեն ամրագրվել են: Հոգեմարմնական ախտաբանության առանցքում ընկած է հենց այս մեխանիզմը, որով հոգեկան ապրումները մարմնավորվում և դառնում են ֆիզիկական ախտեր և պահանջում են բժշկական միջամտություն:
Վագինիզմով տառապող աղջիկներին բնորոշ են մի քանի ընդհանրություններ, դրանցից կարելի է թվարկել մի քանիսը՝ սեռի ձևավորման հետ կապված հոգետրավմատիկ իրադարձություններ՝ հոր կամ եղբոր մահ, ընտանիքը լքած հայր, սեռական բնույթի չարաշահում, սեռական բռնություն, հոգեսեռական զարգացման հապաղում և հոգեսեռական ինֆանտիլություն, Մոխրոտի բարդույթ:
Վերջում նշեմ, որ կինը մեղավոր չէ, որ իր մարմինը չի ընդունում տղամարդու սեռական օրգանը, սա նրա կամքին հակառակ է տեղի ունենում, ոչ մի դեպքում չի նշանակում որ նա չի սիրում իր ամուսնուն կամ թաքցնում է իր կուսության բացակայությունը: Նաև թյուր պատկերացում կա, որ վագինիզմի պատճառը կուսաթաղանթի հետ է կապված, իբր թե շատ հաստ կուսաթաղանթ է, որը չի պատռվում: Կարիք չկա այցելել գինեկոլոգին՝ կուսաթաղանթի հատում իրականցնելու համար, ինչպես նաև ապարդյուն է այցելել նյարդաբանին՝ նյարդերը հանգստացնող նշանակումների համար: Վագինիզմը սեքսոլոգիական առողջական խնդիր է, որը ախտահարում է կանանց մոտ 20-45%-ին ըստ տարբեր վիճակագրական աղբյուրների, այն ունի բուժման հատուկ մեթոդներ, ինչպես ցանկացած այլ հիվանդություն: Եվ հիշեք Քաջարի մարդիկ նրանք չեն, ովքեր չեն վախենում, այլ նրանք՝ ովքեր հաղթահարում են իրենց վախը:
[/show_more]