Մտահոգիչ փաստ է, որ «պոռնո» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանն առաջին տեղն է գրավում համացանցում (armenianherald.com): ՈՒշագրավ են նաև մեր դիտարկումներն այն մասին, որ բազում տղամարդիկ և կանայք ունենալով այս կամ այն սեքսուալ խնդիրը և այդ խնդրի լուծման պոտենցիալ հնարավորությունը, այնուհանդերձ շարունակում են ապրել այդ խնդրով: Սեռական խանգարումներով այցելուների դիմելիությունը Հայաստանում շատ հեռու է առաջին հորիզոնականում լինելուց: Ավելին` շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց սեռական կյանքում կա իրական խնդիր, որը հղի է ընդհանուր առողջությանը վնասելու վտանգով: Մի գուցե մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ է սեռական առողջությունը՝ դրա տակ պարզունակորեն հասկանալով միայն սեռական օրգանների ֆիզիոլոգիական գործունեությունը և այդ գործունեության հաճույքաբեր կողմը:
«Սեռական» բառը, էլ չենք ասում «սեքսը», անմիջապես այնպիսի բուռն և ոչ ադեկվատ հակազդեցության է հանդիպում մեր հայ իրականության մեջ, որ հաճախ մենք ստիպված ենք լինում օգտագործել ամենատարբեր հոմանիշներ, որ այլևայլ ձևերով բացատրենք մեր միտքը, որպեսզի լսարանի կողմից չարժանանանք «այլասերվածների բժիշկ» լինելու պիտակին:
[show_more more=»Կարդալ ավելին» less=»Փակել» align=»right»]
«Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է», հաճախ լսում ենք պաշտպանական այսօրինակ մեջբերումներ: Միչդեռ այս նույն մարդիկ թաքուն կերպով անհամար ժամեր են անցկացնում համակարգչի առջև` իրենց հուզող հարցի պատասխանը փնտրելու հույսով կամ ուղղակի այս թեմայի շուրջ հետաքրքրասիրության բավարարման նպատակով: Եվ քանի որ համացանցը ողողված է սեռական կյանքի մասին անթիվ-անհամար հանրամատչելի նյութերով, որոնք շատ հեռու են գիտական հիմքերից, այս մարդիկ հայտնվում են սեքսի վերաբերյալ պարզունակ ու աղճատված պատկերացում ունենալու ռիսկի խմբում:
Համացանցում շրջանառող բազում խեղաթյուրված պատկերացումները և մոտեցումները գիտակցաբար նպատակաուղղված են սեռական առողջության քայքայմանը, քանի որ այն կարող է իջեցնել ծնելիության ցուցանիշը: Բացի այդ, այն ձեռնտու է նաև կոմերցիալ տեսանկյունից, քանի որ ֆինանսական հզոր եկամտի աղբյուր է:
Պոռնոկայքերը ստեղծում են անգիտակացական սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական սպասումներ, սեռական միֆեր: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչև զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականը առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տևողությունը կամ կնոջ օրգազմը ու դրա քանակությունը: Էլ չեմ ասում, որ պոռնո կախվածությունը, ինչպես ցանկացած այլ կախվածություն, հիվանդություն է իր բոլոր ծանր հետևանքներով:
Մինչդեռ սեռական առողջությունը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը հարստացնում է անձի ներաշխարհը և նպաստում նրա ինքնառեալիզացիային և ընդհանուր առողջության ամրապնդմանը:
[/show_more]